Կառավարությանը պետք է պարբերաբար բամփել, որ խելքի գա

05/03/2015

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ օրինագիծը մեծ դժգոհությունների ու բողոքի ալիք էր բարձրացրել, որի արդյունքում կառավարությունն ստիպված եղավ հետ տանել նախագիծն ու փոփոխած բերել: Այս տարբերակն արդեն պատգամավորներից շատերի սրտով է, քանզի առաջարկվում է բարձրացնել շրջանառության հարկի շեմը՝ 58.8 միլիոնից դարձնելով 113.4 միլիոն դրամ: Միեւնույն ժամանակ, նոր նախագծով կառավարությունը հանել է պարտադիր փաստաթղթավորման պահանջը՝ դարձնելով այն կամավոր: Բոլոր այն ձեռնարկատերերը, ովքեր կցանկանան աշխատել փաստաթղթավորմամբ, կվճարեն 1 տոկոս շրջանառության հարկ, իսկ նրանք, ովքեր աշխատելու են առանց դրա, կվճարեն 5 տոկոս՝ նախկին 3.5-ի փոխարեն: ԲՀԿ-ն, որ օրենքի փոփոխման ամենաակտիվ պայքարողներից էր, հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, որովհետեւ օրենքից բողոքող տնտեսվարողներն էլ են գոհ նոր տարբերակից: ՀԱԿ-ն էլ թեպետ ասաց, որ դեմ է քվեարկելու, որովհետեւ չփաստաթղթավորված մասի համար դրույքաչափը 3.5 տոկոսից դառնում է 5 տոկոս, սակայն խոստովանեց, որ կառավարությունը ներկայացրել է ճկուն նախագիծ, որն ընդունելի է մեծամասնության համար: ՕԵԿ-ն առանձնապես դեմ չէր, ուղղակի ինչ-ինչ մտահոգություններ ուներ, դրա համար որոշեց ձեռնպահ դիրք գրավել: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ կողմ կքվեարկի: «Ժառանգություն» խմբակցության դեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ, չգիտես ինչու, հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ օրենքի նախագծում հստակ սահմանված չէ կոռուպցիայի եւ ստվերի դեմ պայքարը: ՀԳ. Փաստորեն, ինչպես նախօրեին իր ելույթում նկատեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, կառավարությունը սկզբում բերում է մի նախագիծ՝ սահմանելով բարձր «պլանկա», հետո բողոքների ու ցույցերի արդյունքում այդ «պլանկան» իջեցվում է ու դառնում ժողովրդի կողմից ընդունելի: Այս գործելաոճը գործադիրի համար կարծես թե ավանդական է դարձել, հնարավոր չէ՞ միանգամից օգտակար նախագիծ մշակել, որ դժգոհությունների առիթ չտա: Այսինքն՝ ստացվում է, որ մինչեւ չես բամփում, կառավարությունում չեն հասկանում, ու սայլը տեղից չի շարժվում, կամ, ինչպես կասեր նույն այդ կառավարության ղեկավարը, եթե չեն հասկանում, պետք է մի քանի անգամ ասել, մի հատ էլ բամփել: Հիմա նույն մեթոդը, փաստորեն, իրենց վրա է պետք նախեւառաջ կիրառել, որ արդյունք տա, ու ստիպված լինեն ժողովրդի օգտին աշխատել, ոչ թե ի վնաս նրա: Վառ օրինակ՝ կուտակայինը, որի հարցում, թերեւս, արժեր մի քիչ շատ բամփել, քանզի մինչեւ հիմա դեռ դժգոհություններ կան:

Աղբյուր` hraparak.am

Բաժին: Մամուլ