«Եվրոպական» շաբաթվա շնորհիվ մեկ աստիճանով բարձրացան ՀՀ-ԵՄ հարաբերությունները. Էդմոն Մարուքյան

22/03/2015

Նախորդ շաբաթ Հայաստանում կայացած Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստից և «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի չորորդ լիագումար նիստից հետո կարելի է փաստել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մակարդակը մեկ աստիճանով բարձրացավ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ամփոփելով Հայաստանում կայացած «եվրոպական» շաբաթը:
«Ես անձամբ մասնակցել եմ Հայաստան-ԵՄ հանձնաժողովի աշխատանքներին և կարող եմ ասել, որ հիմք ստեղծվեց առաջ նայելու ու նոր քայլեր անելու համար: Եթե հիշում եք, հանձնաժողովի նախորդ նիստին, որը կայացավ Ստրասբուրգում, չկարողացանք եզրափակիչ հայտարարություն ընդունել: Այս անգամ ընդունել ենք լավագույն եզրափակիչ հայտարարությունը, ավելին, նիստի ընթացքում չկար լարվածություն, մտահոգություն. մենք ավելի շատ հասկացված էինք իրենց կողմից»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ նիստին եղել է փոխըմբռնման մթնոլորտ, ինչ էլ հանգեցրեց կարևոր հայտարարության ընդունմանը:
Հարցին, թե եվրոպացի գործընկերն ընդունել են նախորդ նիստին թույլ տված սխալները, երբ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հարցում անընդունելի դրույթներ էին տեղ գտել, Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ դրանք բոլորն իրենք ասել են հենց եվրոպացիների երեսին:
«Նախ ասացինք, որ Ուկրաինային առաջարկվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիր, առանց խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի, հնարավորություն տալով այն վավերացնել հետո, որը Հայաստանի պարագայում չկիրառվեց։ Ինչպես նաև ասացինք, որ Հայաստանի դեպքում կիրառվեց՝ «կամ… կամ»–ի սկզբունքը: Մենք ասացինք, որ նաև Ուկրաինայի դեպքերը այդ «կամ… կամ»–ի հետևանք են: Կարծում եմ, որ Ուկրաինայի դեպքերը ԵՄ-ի համար դաս են»,- ավելացրեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր կնքվելիք նոր փաստաթղթին, ապա, ըստ նրա, պարզ է, որ այն չի լինելու այնպիսին, ինչպես որ պատրաստված էր մինչև Հայաստանի որոշումը՝ անդամակցել ԵՏՄ-ին:
«Հիմա նոր մանդատ պետք է տրվի բանակցողներին և մանդատի շրջանակները պետք է հստակեցվեն: Դրա արդյունքում պետք է նոր իրավապայմանագրային հիմք ստեղծենք ու ստորագրենք: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ի շրջանակներում մեր պարտավորությունները այն մասով, որ մասով հակասության մեջ են ԵՄ-ի հետ, դրանք այլևս չենք կարող իրականացնել, նոր բան պետք է բանակցենք, որը չի հակասի ԵՏՄ-ի շրջանակում մեր նոր պարտավորություններին»,-ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Մամուլ