Հնարավոր է՝ հեռուստատեսության թվայնացումը հետաձգվի երկու տարով

02/04/2015

Այսօր կառավարության նիստում տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած` «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   Պատգամավորն օրինագծով առաջարկում է Հայաստանում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել երկու տարով՝ մինչև 2017 թվականը: Նախարարը նշեց, որ պատգամավորի առաջարկությունն ընդունելի է, սակայն հետաձգման ժամկետների հետ կապված հարցերը քննարկման ենթակա են:   «Մեզ համար դա, ընդհանուր առմամբ, ընդունելի է, սակայն ժամկետի հստակ սահմանումը քննարկման առարկա է` նկատի ունենալով, որ թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով ՀՀ պետբյուջեն կունենա զգալի ֆինանսական մուտքեր: Բացի այդ` նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- ասաց նախարարը:   Նախարարի խոսքով` ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված` կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ. մասնավորապես` իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզավորման կարգն ու պայմանները, ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները:   Ոլորտի ամբողջական կարգավորման անհրաժեշտությունից ելնելով` մշակվում է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ և ներկայացված օրենքի նախագծի հեղինակին առաջարկվում է մասնակցել վերոհիշյալ նախագծի մշակման աշխատանքներին:

Աղբյուր՝ Yerkir.am

Բաժին: Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ