Ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից է ԱԺ-ն գնել 2 նոր ջիպ, ֆրակցիաների ղեկավարների նոր մեքենաներ. Է. Մարուքյան

26/05/2015

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին հարցրեց, թե ի՞նչ ծայրահեղ անհրաժեշտությունից են ձեռք բերվել ԱԺ նախագահի անվտանգության ծառայության երկու նոր ջիպերը, ինչպես նաև ֆրակցիաների ղեկավարների նոր մեքենաները:

Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ 2014-ին ձեռք է բերվել ընդամենը մեկ ավտոմեքենա:

Մարուքյանը հետաքրքրվեց նաև աշխատակազմի թվաքանակից, ինչին Թովմասյանը պատասխանեց, որ աշխատակազմը 823 անձ է, նախորդ տարվա համեմատ 70 և ավելի պայմանագրային աշխատակիցների թիվը 2014-ի ընթացքում 17-18 է դարձել, որոնց անհրաժեշտությունը եղել է:

«Մյուսները կրճատվել են, նրանց պայմանագրերն այլևս չեն երկարացվում, ու այս առումով փաստացի կրճատումներ ունենք»,-ասաց Թովմասյանը:

Մարուքյանը մեքենաների մասով հստակեցրեց, որ խոսքը ձմեռային ջիպի մասին չէ, այլ ԱԺ նախագահի անվտանգության երկու նոր մեքենաների մասին և ֆրակցիաների ղեկավարների համար նոր մեքենաների մասին:

«Դուք այդ տեղեկատվությունը որպես աշխատակազմի ղեկավար ունեք, արդյո՞ք նման ծայրաստիճան վատ տնտեսական վիճակում դա այդքան ծայրահեղ անհրաժեշտություն էր, ամեն անգամ ամեն ինչի համար ասում եք՝ փող չկա, բայց նոր մեքենաների համար փող կա»,-ասաց Մարուքյանը:

Հրայր Թովմասյանը հակադարձեց, թե ինքը ներկայացնում է 2014-ի հաշվետվությունը, որտեղ հստակ է, որ ընդամենը մեկ մեքենա է ձեռք բերվել:

«Դուք եք հաստատել բյուջեն, և բյուջեով նախատեսված են եղել բոլոր ծախսերը»,-ասաց Թովմասյանը և շեշտեց, որ հստակ սահմանված է, թե ծառայողական մեքենաները շահագործման որքան ժամկետներ ունեն:

«Միգուցե նման տրամաբանությամբ են այդ մեքենաները ձեռք բերվել, ինչ վերաբերում է ձեր տեսած ջիպերին, այո, ֆրակցիաների ղեկավարները ստացել են նոր մեքենաներ»,-ասաց նա:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Մամուլ