Սահմանին վիրավորված զինծառայողներն արտերկրում բուժում կստանան

03/06/2015

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվում էր ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծի լրամշակված տարբերակը: Հիմնական զեկուցողն Արփինե Հովհաննիսյանն էր, հարակից զեկուցողը՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ստանում են վնասվածք, խեղում, կամ դրանց հետեւանքով ծագում է ինչ-որ հիվանդություն, որն ունի արտասահմանում բուժման կարիք, այդ բուժման ծախսերը, այս օրենքն ընդունելուց հետո, ամբողջությամբ կհոգա պետությունը: Խոսքը, սակայն, չի վերաբերում նրան, երբ այդ վնասվածքը կամ հիվանդությունն առաջացել է զինծառայողների կողմից կանխամտածված օրինազանցության հետեւանքով: Հարակից զեկուցող Արա Նազարյանի կարծիքով, այս օրենքի ընդունումն առաջնագծում ծառայող եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների համար բարոյահոգեբանական տեսանկյունից կարեւոր նշանակություն կունենա: «Ասեմ, որ պաշտպանության նախարարությունը մինչեւ օրս էլ իր հնարավորությունների շրջանակում, անգամ տարբեր բարեգործական դոնորների եւ այլ կազմակերպությունների միջոցով նման գործընթացներ կազմակերպում է»,-ասաց նա: Նախագիծը դրվեց քվեարկության ու դրական եզրակացությամբ մտավ ԱԺ օրակարգ եւ կքննարկվի առաջիկա քառօրյա նիստում: Օրենքն ուժի մեջ կմտնի, սակայն, 2016 թվականին: Քննարկման ավարտին մի քանի հարց ուղղեցինք զեկուցողներին: Հարցին, թե այս օրենքը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո նման խնդրի առաջ կանգնած զինծառայողների՞ վրա, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Օրենքը վերաբերում է այն բոլոր զինծառայողներին, որոնք օրենքի՝ ուժի մեջ մտնելու պահին կունենան օտարերկրյա պետությունում բուժման կարիք»: Փոխնախարար Նազարյանն էլ ասաց. «Խնդիրը վերաբերում է էն կատեգորիային, որը հիմա ամրագրված է նախագծում, այսինքն՝ մարտական հերթապահություն իրականացնող եւ առաջնագծում ծառայող զինվորներին է վերաբերելու օրենքը՝ հաշվի առնելով նաեւ սահմանին առկա լարվածությունը… Ես քննարկման ժամանակ էլ նշեցի, որ էստեղ որեւէ ժամկետային սահմանափակում պետք չի ամրագրել: Ժամանակից առաջ չեմ ուզում ընկնեմ, բայց ենթադրում եմ՝ որոշակի հանձնաժողով կլինի, որի մասնագետները կուսումնասիրեն յուրաքանչյուր դեպքը, կկոնկրետացվի՝ ինչ պայմաններում է դա տեղի ունեցել, նախկինում օգնություն ցուցաբերվել է, թե ոչ, ըստ այդմ՝ որոշում կկայացվի»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Աղբյուր`hraparak.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ