ԱԺ-ն դատախազությանը ցուցում տվող մարմին չէ. Է. Մարուքյան

12/06/2015

Հանրապետության գլխավոր դատախազն այս տարի առաջին անգամ դատախազության նախորդ տարվա գործունեության մասին հաշվետվությունը խորհրդարանին ներկայացրեց բանավոր ընթացակարգով: Երկար ու բուռն քննարկումից հետո ԱԺ-ն այն ընդունեց առանց քվեարկության: Parliamentmonitoring.am-ի զրուցակիցն այս քննարկումն ապահոված օրենսդրական փոփոխության հեղինակներից Էդմոն Մարուքյանն է:

– Պարոն Մարուքյան, ինչպե՞ս եք գնահատում Գլխավոր դատախազի հաղորդման քննարկումը, ո՞րն էր դրա արդյունքը:

– Կարծում եմ՝ քննարկումը խորհրդարանի վերահսկողական գործառույթի կիրարկման լավագույն օրինակներից մեկն էր, որովհետև մի բան է, երբ փաստաթուղթը պարզապես ուղարկվում է խորհրդարան և այն ոչ ոք չի կարդում, մեկ այլ բան, երբ դառնում է քննարկման առարկա: Այն, ինչ տեղի ունեցավ խորհրդարանում, կարծում եմ, կարևոր պրակտիկա է և կարող է զարգանալ: Ժամանակի ընթացքում դատախազությունը կարող է խորհրդարանին ավելի համապարփակ զեկույցներ ներկայացնել, պատգամավորներն էլ այդ գերատեսչության գործունեության մասին իրենց մտահոգությունները, հարցերը, առաջարկություններն ու քննադատությունը հնչեցնեն:

– Դա կարո՞ղ է գլխավոր դատախազությանը դրական փոփոխությունների մղել:

– Վստահ եմ, որ խորհրդարանի կողմից ցանկացած նման վերահսկողություն բերելու է դրական փոփոխությունների, պատգամավորների բարձրացրած խնդիրները հայտնվելու են գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում: Հետևաբար, այդ քննարկումները դրական ազդեցություն են ունենալու:

– Խորհրդարանի վերահսկողական գործառույթը կարո՞ղ է ստիպել, որ դատախազությունը, օրինակ, Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի փաստաբանությունը ստանձնելու փոխարեն, ինչպես համոզված է հասարակությունը, հետամուտ լինի իրական հանցագործներին պատժելուն:

– Գլխավոր դատախազությունը Սահմանադրությամբ անկախ մարմին է և խորհրդարանին չի ենթարկվում: Մենք չենք կարող միջամտել դատախազության մարմինների գործողություններին: Ես ամեն օր հարյուրավոր նամակներ եմ ստանում բանտերից, որտեղ բողոքում են նախաքննությունից, դատախազից, դատարանից: Բայց ես իրավունք չունեմ միջամտել այդ գործընթացներին: Պետք է արձանագրել, որ Ազգային ժողովը դատախազությանը ցուցում տվող մարմին չէ և չի կարող միջամտել նրա գործերին: Խորհրդարանական վերահսկողությունն այլ բան է. դա ոչ թե դատախազության ներքին գործերին խառնվելն է, այլ սահմանադրական լիազորությունների շրջանակում նրանից իր սահմանադրական պարտականությունները կատարելը պահանջելը: Եվ ասել, թե Ս. Խաչատրյանի գործերով բան չի փոխվում անգամ խորհրդարանական վերահսկողությունից, պատգամավորների ելույթներից կամ որոշակի փաստեր ներկայացնելուց հետո, դա չի նշանակում, թե այս մեխանիզմն անարդյունավետ է: Դա իրավական գործընթաց է, որը համեմվել է քաղաքականությամբ: Դրա համար էլ դատախազության հաշվետվության ժամանակ այդ գործը խորհրդարանում դառնում է քննարկման առարկա:

– Քննարկման ժամանակ պատգամավորների հնչեցրած հարցերի մեծ մասը հաշվետվության շրջանակներից դուրս էր:

– Քննարկումը գլխավոր դատախազին հրապարակավ հարցեր տալու, պահանջներ ներկայացնելու, դատախազության կողմից վարվող քաղաքականությունը քննարկման առարկա դարձնելու հնարավորություն էր: Եվ շատ լավ է, որ այն նման բուռն ընթացք ունեցավ: Չէ՞ որ մենք խոսում ենք կոռուպցիայից, անպատժելիության մթնոլորտից:

– Պարոն Մարուքյան, լիագումար նիստի ժամանակ Դուք նաև ԱԺ նախագահի ուշադրությունը հրավիրեցիք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառման վրա, որում նա նշել էր, թե պատգամավորի կողմից «կատարյալ անգրագիտություն է պետական բյուջեի կողմից ֆինանսավորվող կառույցի ղեկավարին հարցնել, թե ինչու է այս կամ այն ծախսն արել»: Ինչո՞ւ այդ պաշտոնյան չի կարող ունենալ կարծիք հայտնելու իրավունք:

– Նա իր անձնական էջում և իր կողմից բացված ԱԺ լրատվական ծառայության ֆեյսբուքյան էջում տեքստ էր հրապարակել, ինչը, իմ կարծիքով, անհարգալից, վիրավորական վերաբերմունք է պատգամավորի ինստիտուտի նկատմամբ: Եթե նման վիրավորական արտահայտություն անի ինչ-որ քաղաքացի կամ խորհրդարանի աշխատակազմից դուրս մարդ, հասկանալի կլինի: Բայց երբ դա անում է ԱԺ լրատվական ծառայության պետը, ով մեր աշխատողն է, մեր սպասարկողը, դա նշանակում է, որ նա խախտում է «Պետական ծառայության մասին» օրենքով սահմանված քաղաքական զսպվածության սկզբունքը: Բայց քանի որ նա նոր աշխատող է, հավանաբար դեռ չի հասկացել, թե խորհրդարանն ինչ մարմին է և չի պատկերացնում, թե որն է այստեղ իր դերն ու առաքելությունը: Նրա առաքելությունը 131 պատգամավորներին սպասարկելն է և ոչ թե նրանց ասածը քննարկման առարկա դարձնելը: Իսկ արդարացումը, թե ինքը որպես քաղաքացի է նման գրառում արել, որևէ կերպ չի կարող հիմնավոր փաստարկ լինել:

Ես՝ որպես փաստաբան, 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո գործ եմ ունեցել, երբ Լոռու մարզպետարանի քաղծառայող աշխատակիցն իր արձակուրդի օրերին Ազատության հրապարակում մասնակցել էր ցույցերի, և նրան աշխատանքից ազատել էին քաղաքացիական ծառայության քաղաքական զսպվածության սկզբունքները խախտելու հիմքով: Ես իմ հայտարարությամբ պարզապես ԱԺ նախագահին խնդրեցի, որ նշված պաշտոնատար անձին ցույց տա իր տեղը: Եթե ոչ, ապա հաջորդ անգամ կարող է մեկ այլ պաշտոնատար անձ իրեն թույլ տա քննարկման առարկա դարձնել որևէ պատգամավորի կողմից արտահայտված կարծիք: Նշեմ նաև, որ այս դեպքում ընդհանրապես տեղին չէ խոսքի ազատության հետ զուգահեռ անցկացնելը:

Աղբյուր՝ Parliamentmonitoring.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ