Որքան հաճախակի ընտրություններ, այնքան շատ ժողովրդավարություն

05/09/2015

Սահմանադրական բարեփոխումների նախագծի «Տեղական ինքնակառավարման մարմինները» գլխի 180-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է սահմանել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն՝ 5 տարին 1 անգամ պարբերականությամբ: Այժմյան գործող սահմանադրության 107-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ մարմիններն ընտրվում են 4 տարի ժամկետով, իսկ սահմանադրության նախկին խմբագրությամբ (105-րդ հոդված)՝ տեղական ինքնակառավարման մարմիններն ընտրվում էին 3 տարի ժամկետով: Ընդ որում, 2002թ. մայիսի 7-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով՝ նույն անձը համայնքի ղեկավարի պաշտոնում կարող էր ընտրվել ոչ ավելի, քան 2 անգամ անընդմեջ:

Այս իրավակարգավորումը 2006 թվականին հանվեց և այլևս համայնքի ղեկավարների համար երկու անգամից ավել վերընտրվելու արգելք չկա: Նշված փաստերը վկայում են այն մասին, որ տեղական մակարդակում արձանագրվել է ժողովրդավարության խիստ հետընթաց՝ մի կողմից այլևս չկա վերընտրման սահմանափակում, մյուս կողմից երկարացվել և դեռ փորձ է արվում ավելի երկարացնել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարման ժամկետը: Այսպես, 2012թ. սեպտեմբերի 9-ին Հանրապետության 482 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մոտ 80% դեպքերում վերընտրվել են գործող համայնքի ղեկավարները, որոնցից շատերը, եթե ոչ կեսից ավելին, համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել են անընդմեջ երկու անգամից ավելի: Նույն անձանց անսահմանափակ անգամներ վերընտրվելու և ավելի երկար պաշտոնավարելու հնարավորությունը վտանգում է ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակում: Հաճախակի տեղական ընտրությունների ևերկու անգամից ավելի վերընտրման հնարավորության սահմանափակումը հատկապես կարևոր է այն իմաստով, որ այդպիսով ավելանում է տեղական մակարդակում կառավարմանը մասնակցելու մարդկանց հնարավորությունը: Իմ կարծիքով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամկետի երկարացումը չի կարող համարվել բարեփոխում, դեռ ավելին՝ դա հետադիմական մոտեցում է: Ըստ այդմ, առաջարկում եմ սահմանել 3 տարին 1 անգամ պարբերականությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և սահմանադրությամբ ամրագրել, որ նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում:

Բաժին: featured, Մամուլ