Կառավարությունը կմերժի Էդմոն Մարուքյանի նախագիծը

03/09/2015

Երեկ կառավարությունում տեղի ունեցած կոմիտեի նիստում քննարկվել է պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասինե օրենքի նախագիծը և որոշվել է դրան բացասական եզրակացություն տալ:

Հիշեցնենք, որ այս նախագծով պատգամավորն առաջարկում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը: Հիշեցնենք, որ Է. Մարուքյանը որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու անհրաժեշտության մասին Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանի հայտարարությունից հետո:
Հիշեցնենք նաև, որ մինչ այս օրենսդրական նախաձեռնությունը պատգամավորը դիմել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին Ա. Նիկողոսյանից Ազգային ժողովի շնորհած բարձրագույն պարգևը՝ ԱԺ պատվո մեդալը, ետ պահանջելու առաջարկությամբ: Է. Մարուքյանի այս առաջարկությունը նույնպես չէր ընդունվել:

«Խնդիրն այն է, որ գործող Քրեական օրենսգիրքը պատիժ չի նախատեսում, օրինակ, Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելու համար, այնինչ այդ բնույթի արարքը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ: Մասնավորապես, համաձայն Անկախության հռչակագրի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ»,- օրինագիծը ներկայացնելուց առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր պատգամավորը:

Եվ ահա, նման կոչերը կամ քարոզները կասեցնելու համար Է. Մարուքյանը որոշել է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ինչը կառավարությունը հավանաբար կմերժի իր առաջիկա նիստում: «Ես ներկայացրել եմ իմ փաստարկները, թե ինչու է անհրաժեշտ այդ հոդվածը: Ըստ էության, այն որևէ անձի դեմ ուղղված չէ, ուղղված է երևույթի դեմ, որն առկա է մեր պետության մեջ, երբ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում նման հայտարարություններ ու քարոզարշավներ են անում: Օրինագիծն ուղղված է Հայաստանի ինքնիշխանության դիմադրողականությունը պաշտպանելուն: Բայց խոսքը կառավարությանն է: Եթե կառավարությունը բացասական եզրակացություն տա, այն դեռ քննարկման առարկա կդառնա ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովում: Կառավարության եզրակացությունը վերջը չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ ասաց Է. Մարուքյանը:

Ի դեպ, պատգամավորը նախագծի հիմնավորման մեջ ներկայացրել է նաև այդ ուղղությամբ այլ երկրների փորձը: Նույն Ռուսաստանի օրենսդրության մեջ նույնպես կա հոդված, որը պատիժ է նախատեսում ՌԴ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողությունների, հրապարակային կոչեր անելու համար: Նման պատիժներ են նախատեսում նաև Լեհաստանի, մեր հարևան Վրաստանի օրենքները:

 

Աղբյուր՝ 1in.am

Բաժին: Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ