Ու՞ր է գնում եւ ի՞նչ է անելու Էդմոն Մարուքյանի նախաձեռնությունը

17/09/2015

Նախօրեին պաշտոնապես ազդարարվեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության մասին: Նախաձեռնությունը երեկ պատրաստել էր նաեւ վիդեուղերձ, որտեղ նախաձեռնության անդամները կարճ անդրադառնում էին երկրի քաղաքական համակարգին, իրենց նպատակներին: Թեմայի վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք Էդմոն Մարուքյանին.

-Պարոն Մարուքյան, ովքե՞ր են նախաձեռնել «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը: Խնդրում ենք նշել անուններ:

-Արդեն բազմիցս խոսել եմ այդ մասին, որ նոր որակի քաղաքական ուժ ձևավորելու գաղափարը ծնվել է խորհրդարանում ԵՏՄ քվեարկության ժամանակ, որից հետո սկսել եմ կոնսուլտացիաներ, քննարկումներ ՀԿ սեկտորի, քաղաքացիական, ակադեմիական, գործարար շրջանակներում իրենց ակտիվությամբ աչքի ընկնող ու քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող անձանց հետ և բոլորով միասին ձևավորել ենք նախաձեռնությունը, որն արդեն շուրջ 4 ամիս է գործում է: Այս ամիսների ընթացքում ինքներս մեզ վրա ենք աշխատել` հստակեցնելով մեր ծրագրերն ու գաղափարական հենքը, գործունեության մեխանիզմներն ու մեթոդները: Չեմ կարծում թե կարիք կա հարցազրույցի մեջ առանձին-առանձին բոլորին թվարկել, սակայն մեր տեսանյութերում երևացող նախաձեռնության անդամների անունները կհրապարակեմ. նրանք են Մանե Թանդիլյանը, Հայկ Կոնջորյանը, Դավիթ Խաժակյանը, Նորայր Մովսիսյանը, Անի Սամսոնյանը, Սիրարփի Արշակյանը և այլ լուսավոր դեմքեր, ում հերթով կտեսնեք մեր առաջիկա տեսանյութերում, միջոցառումների ժամանակ և նախաձեռնության կայքում:  

-Մամուլում հրապարակումներ կային, որ նախաձեռնության համակարգողներից ու անդամներից է Թեւան Պողոսյանը: Ի՞նչ կապ ունի նա նախաձեռնության հետ:

-Պետք է ասեմ, որ կոնսուլտացիաներ և քննարկումներ բազմաթիվ մարդկանց հետ են եղել: Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանի հետ կապված մամուլի հրապարակումներին, ապա նա ինքը դրանց պատասխանել է և հերքել:

-Ներքաղաքական կյանքում ընդդիմադիր դիրքերի՞ց է հանդես գալու նախաձեռնությունը:

Նախաձեռնության առաջին տեսանյութում այդ հարցին հստակ պատասխան կա. «Լուսավոր Հայաստան»-ը ընդդիմադիր քաղաքական միավոր է :

-Ի՞նչ նպատակներ եք ձեր առաջ դրել:

-Ձեր թերթի ծավալները չի բավականացնի, որպեսզի ես անդրադառնամ նախաձեռնության բոլոր նպատակներին, դրանց մասին մենք մանրամասն կխոսենք մեր տեսանյութերում, իսկ եթե կարճ, ապա մեր նպատակն է՝ կառուցել հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստան, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ։

-Դուք դաշտ եք մտնում իշխանափոխության համա՞ր:

-Ցանկացած քաղաքական ուժ դաշտ է մտնում իր ծրագրերն իրականացնելու նպատակով, իսկ դրա համար անհրաժեշտ է տիրապետել իշխանական լծակներին: «Լուսավոր Հայաստանը» որպես ընդդիմադիր ուժ քաղաքական լոբբինգի միջոցով ազդելու է երկրում իրականացվող ծրագրերի, քաղաքական որոշումների վրա, իսկ իշխանության լծակներ ստանալուց հետո «Լուսավոր Հայաստան»-ի տեսլական ու երազանք ունեցող մարդկանց իշխանության բերելու ճանապարհով իրագործելու է իր ծրագրերը միտված մեր նպատակների իրագործմանը: Իշխանափոխության հետ կապված պետք է ասեմ, որ իշխանությունը փոխելու միակ լեգիտիմ ճանապարհը մեզ համար ընտրությունների միջոցով տեղական ինքնակառավարման և պետական կառավարման լծակներ ստանալն է:

-Մտադի՞ր եք Հայաստանում մասնակցել առաջիկա համապետական ընտրություններին՝ մասնավորապես 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

-Մենք մասնակցելու ենք առաջիկայում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որից հետո կնախապատրաստվենք 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

-ՏԻՄ ո՞ր ընտրությունների մասին է խոսքը:

Խոսքը ընդհանրապես ՏԻՄ ընտրությունների մասին է բոլոր մակարդակներում, որտեղ կկարողանանք լուսավոր դեմքերով հանդես գալ անպայման կմասնակցենք:

-Արտաքին քաղաքական ի՞նչ ուղղվածություն ունի «Լուսավոր Հայաստան»-ը:

«Լուսավոր Հայաստան»-ը Հայաստանի Հանրապետությունը ապագայում  տեսնում է որպես եվրոպական մոդելի երկիր: Մենք գտնում ենք, որ Հայստանը պետք է Եվրոմիության լիարժեք անդամ դառնա և հասկանում ենք, որ դա մեկ-երկու տարվա գործ չէ: Դրա համար կարող են պահանջվել տասնյակ տարիներ, սակայն դրան միտված առաջին քայլերը պետք է անել արդեն այսօր:

-Ինչու՞ նախաձեռնությունը չձեւավորվեց որպես կուսակցություն: Հնարավո՞ր է առաջիկայում այն դառնա կուսակցություն:

-Մենք դեմ ենք մթության մեջ և ստվերում կուսակցություն ստեղծելու հայկական քաղաքական ավանդույթին: Այդ իսկ պատճառով մենք թափանցիկ մեթոդներով նախաձեռնության գաղափարական հենքը և քաղաքական ծրագրերը, գործունեության մեթոդները ներկայացնելու միջոցով համախմբելու ենք մեր գաղափարները կիսող ՀՀ քաղաքացիներին և այդ գործընթացը կհասնի իր ավարտական փուլին «Լուսավոր Հայաստան»-ի հիմնադիր համագումարով:

-Ինչպե՞ս է կատարվում «Լուսավոր Հայաստան»-ի ֆինանսավորումը:

– «Լուսավոր Հայաստան»-ի ֆինանսավորման մասին արդեն բազմիցս խոսել եմ և նորից կրկնում եմ, որ դա շատ արհեստական հարց է: Մենք փոքր ռեսուրսներով հասնելու ենք մեծ արդյունքների: Մեզ մեծ գումարներ պետք չեն, քանի որ մենք չենք պատրաստվում մեծ գրասենյակներ պահել, աշխատակիցներ վարձել ու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանել: Մեզ միջոցներ են հարկավոր մեր խոսքը, գաղափարները, ծրագրերը մեր ընտրողներին հասցնելու համար: Բարեբախտաբար, այսօր շատ տարբերակներ կան բավականին մատչելի մեթոդներով այդ ամենը ամբողջ աշխարհով մեկ տարածելու համար: Մեր նախաձեռնությունը մինչև հիմա գործել է իր անդամների ներդրումներով և որքան մեծանան անդամների թիվը, այնքան կմեծանան ներդրումները: Մարդկային ռեսուրսների առումով էլ փորձը հաստատել է այն, որ միայն կամավորներով հնարավոր է ռեալ արդյունքի հասնել: Մենք միշտ էլ ունեցել ենք մեզ աջակցող կամավորների բանակ ու կարծում եմ այդ մարդկանց թիվը կմեծանա: Մեր բոլոր ֆինասական եկամուտները, ի տարբերություն այլ կուսակցությունների, ում ֆինանսավորումն այդպես էլ մեծ գաղտնիք է հասարակության համար, հասանելի կլինի մեր հաշվետվություններում և մեր կայքում:

-Դուք մաս կկազմե՞ք սահմանադրական փոփոխությունների «ոչ»-ի ճակատին:

-Հայաստանի հիվանդ քաղաքական համակարգում նման ճակատներ ձևավորվում են միշտ ինչ-որ անձի կամ անձանց համար ինչ-որ անձի կամ անձանց դեմ, որը մեր մոտեցումների հետ տոտալ հակադրության մեջ է: Մենք չենք պայքարելու անձի կամ անձերի դեմ հանուն այլ անձի կամ անձերի: Մենք պայքարելու ենք ինստիտուտների ձևավորման, կայացման և զարգացման համար, իսկ անձերը կգան կգնան, ինտիտուտներն են մեզ համար մնայուն արժեք:

-Համագործակցություն ունե՞ք քաղաքական այլ ուժերի հետ: Ո՞ր ուժերի հետ եք պատրաստ համագործակցության:

Նախաձեռնությունը պատրաստ է համագործակցել մեր մոտեցումները կիսող կամ գոնե դրանց մոտ կանգնած քաղաքական ուժերի հետ: Դա ժամանակի հարց է: Ընթացքում ամեն բան պարզ կդառնա:

 

Աղբյուր՝ armtimes.com

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ