Երևանի ֆինանսավորմանը դեմ չեմ, պարզապես անարդար ձևով է բաշխվում գումարը. Էդմոն Մարուքյան

02/11/2015

ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նկատեց, թե օրերս ընդունված «Ակցիզային հարկի մասին» օրենքով մայիսից կթանկանան ավտոմեքենայի գազով լիցքավորումը, բենզինը, ծխախոտն ու խմիչքը, ինչն էլ նշանակում է, կթանկանա նաև տրանսպորտի գինը։

 

Նա Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց, թե Կառավարությունը եկամուտները չի ավելացնում, բայց այդ օրենքի հետ կապված սոցիալական բեռն ավելացնում է, ինչը «ֆիքսված փաստ է»:
Նա նաև հարցրեց, թե երեք տարի է, ինչ բյուջե ներկայացնելիս ասում են, թե համահարթեցման  քաղաքականությունը չի փոխվել, ըստ որի՝ Երևանը ստանում է ամենամեծ գումարները, իսկ մարզերը թույլ ֆինանսավորում են: «Արդյունքում ունենք Երևան, չգիտեմ համեմատելու ինչ մակարդակում ենք գտնվում, բայց մարզերում ապրելու աուրա չկա»,– ասաց նա:

 

Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ ակցիզային հարկից ակնկալվող եկամուտները հաշվի առնված են: Ինչ վերաբերում է Երևանին ավելի գումար հատկացնելուն, ապա ըստ նրա, դա չի նշանակում, որ Երևանին չպետք է գումարներ տրվեն:
«Եթե նայեք, թե ինչի համար է, ապա կտեսնեք՝ թանգարանների, գրադարանների պահպանման համար է: Այստեղ ոչ թե խնդիր է, որ ավելի շատ ուշադրություն է դարձվում, ուղղակի ցանկալի հնարավորությունը չի ապահովում»,- ասաց նա:
Էդմոն Մարուքյանը հակադարձեց, թե ինքը Երևանի ֆինանսավորմանը դեմ չէ: «Ասում եմ՝ անարդար ձևով է բաշխվում, ոչ թե դեմ եմ Երևանին, ուղղակի Հայաստանի Հանրապետությունը դարձել է Երևան, Երևան էլ Հայաստան, դա է վարված քաղաքականության արդյունքը»,- ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Մամուլ