Էդմոն Մարուքյանի՝ միայն դատարանի վճռով տուգանքի նշանակման վերաբերյալ նախագիծը մերժվեց

06/11/2015

Այսօր Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ներկայացվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով պատգամավորն առաջարկում է անցնել վարչարարության հիմունքների նախկին եղանակին, երբ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով:
Նախագծի արձանագրության մեջ շեշտվում է, որ նշված փոփոխությունների հետևանքով հոդվածի ներկա խմբագրությամբ կիրառման արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որտեղ անձը, կատարելով ենթադրյալ վարչական իրավախախտում, վարչական մարմնի կողմից ծանուցվում է, որ պարտավոր է վճարել տուգանք, ինչի հետ նա մասամբ կամ ամբողջությամբ հնարավոր է, որ համաձայն չէ, սակայն չունի բավարար գիտելիքներ իրավական տեսանկյունից հիմնավորելու իր դիրքորոշումն ու բողոքարկելու այդ ակտը, ոչ էլ փաստաբան վարձելու կամ իրավախորհրդատվություն ստանալու հնարավորություն և ավելի մեծ ծախսերից խուսափելու համար ստիպված է վճարել վարչական տուգանքը:
Էդմոն Մարուքյանը նկատեց, որ այդ պատճառով մարդիկ արտագաղթում են:  «Տաքսու վարորդներ գիտեմ, որ էս պրոբլեմի պատճառով չգիտեն ինչ անեն, մարդու իրավունքների կարգավորման ամենաարդյունավետ եղանակը դատարանն է, այն չի կարող չծանուցել ու քաղաքացու նկատմամբ ինչ-որ վճիռ կայացնել»,-ասաց Մարուքյանը և շեշտեց, որ կառավարությունն այս խնդիրը չի լուծում:
Ինչ վերաբերում է միջազգային փորձին՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Փորձը փորձ, բայց պետք է երկրի աղքատության տվյալները նայել: Նախագիծը չեմ հետաձգելու, կառավարությունը երկու տարի փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ, չեմ հետաձգելու, թող գնա ու տապալվի, մարդիկ տեսնեն, որ քաղաքական կամք չկա այն իրագործելու»:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ Էդմոն Մարուքյանի ելույթը որակեց պոպուլիստական:
Նախագծի հարակից զեկուցող, ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանն առաջակեց նախագծի հեղինակին այն հանել, սակայն Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց:
Այսպիսով՝ նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց 4 դեմ, 3 կողմ ձայների հարաբերակցությամբ: Կողմ քվեարկեցին Գագիկ Ջհանգիրյանը, Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Մարգարյանը, դեմ քվեարկեցին ՀՀԿ-ականներ Վահրամ Մկրտչյանը, Լևոն Մարտիրոսյանը, Գագիկ Մելիքյանը, Հրանտ Գրիգորյանը և Հովհաննես Սահակյանը:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ