Կառավարությունը համաձայնեց Էդմոն Մարուքյանի նախագծին. ըստ դրա՝ ընտրակեղծարարները պիտի ազատազրկվեն

31/03/2016

«Նշված հանցագործության հեղինակները, գողանալով այլ քաղաքացիների քվեն, ոտնձգում են ժողովրդավարության դեմ, միաժամանակ ոտնահարելով նաեւ Սահմանադրությունը, որի 1-ին հոդվածով Հայաստանը հռչակվել է ժողովրդավարական պետություն»,- սա անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծից է, որն այսօր կառավարության նիստում արժանացավ հավանության: Ըստ պարոն Մարուքյանի, հանրաքվեի եւ ընտրությունների միջոցով քաղաքացու՝ պետության կառավարմանը մասնակցելու իրավունքը չափազանց բարձր արժեք է, որը քաղաքացին կարող է իրացնել մի քանի տարին մեկ անգամ, եւ քաղաքացու այդ սահմանադրական իրավունքը խախտողների դեմ պետք է կիրառվի համարժեք պատիժ՝ բացառապես ազատազրկման ձեւով: Ըստ այդմ՝ պատգամավորն առաջարկում է քրեականացնել ընտրակեղծիք իրականացնող անձանց պատիժը եւ ոչ թե տուգանք սահմանել, այլ ազատազրկում՝ երկուսից երեք տարի ժամկետով: Նախագծում նշվում է, որ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 2-3 տարի ժամկետով: Սահմանադրական հանրաքվեից հետո մի շարք նմանօրինակ դեպքեր եղան, սակայն խախտում կատարողները պատժվեցին միայն տուգանքով:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նիստում ասաց, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ շատ ծանր է հանցագործությունը եւ հակառակը՝ ոչ այնքան ծանր, հետեւաբար դատարանին պետք է թողնել այդ գործերի քննությունը. «Ինձ թվում է՝ այստեղ շատ արհեստական ու կոշտ է, իհարկե, հասկանանում եմ, որ քաղաքական կոնյեկտուրայից ելնելով առաջարկություն է արված, բայց սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Ինչի չգիտե՞նք, որ գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկության: Խախտո՞ւմ է անում՝ այո, ենթակա՞ է այդ մարդն ազատազրկման՝ չեմ կարծում»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերով, իշխանություններն իրենց առաջ խնդիր ենք դրել էապես բարձրացնել հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ, ճիշտ կլինի, որ կառավարությունը համաձայնություն տա նախագծին. «Ազգային ժողովը թող որոշի: Իրոք, ես էլ եմ համաձայն, որ իրավական առումով ճիշտ չէ, բայց քաղաքական առումով, որպեսզի մենք զերծ մնանք ոչ օբյեկտիվ քննադատություններից, տանք այդ հնարավորությունը և մեր քաղաքացիներին էլ բացատրենք, որ նման խախտումների չգնան»:  Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ, Օրենսդրական նախաձեռնություններ