Ադրբեջանի՝ հայ զինվորին գլխատելու, խոշտանգելու եւ այլ վայրագությունների դեմ ԼՂՀ-ում հայտարարություն է պատրաստվում

08/04/2016

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը եւ հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը, Զարուհի Փոստանջյանը, Լեւոն Մարտիրոսյանը գտնվում են ԼՂՀ-ում:

Մեզ հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ասաց, որ այս պահին հանդիպում ունեն Աշոտ Ղուլյանի հետ. «Քննարկում ենք, տեսնենք ինչ իրավական միջոցներ կան եւ որոնք են նպատակահարմար օգտագործել: Հնարավոր է հայտարարություն ընդունվի: Մենք դիմելու ենք տարբեր միջազգային ատյաններ՝ Ադրբեջանի գործողություններին համարժեք գնահատական ձեւավորելու համար»:

Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի հետ համատեղ նիստ են արել. «Ապրիլի 2-5-ը Ադրբեջանի ռազմական գործողությունների արդյունքում կատարած վայրագությունները, խոշտանգումները, միջազգային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումները քննարկեցինք, վերլուծեցինք: Օրինակ, գլխատելը, խաղաղ բնակչության մարմինները խոշտանգելը, շտապօգնության մեքենան խոցելը, երեխայի սպանությունը փաստում են, որ ագրեսիայի հատկանիշներ կան եւ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում: Ամենայն հավանականությամբ, այսօր կամ վաղը կընդունենք հայտարարություն: Նպատակն այն է, որ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրենք այս հարցերի վրա: Միջազգային հասարակական կարծիքի ձեւավորման առումով սա քայլերից մեկն է»:

Մեր դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանը մտահոգություն էր հայտնում, որ պետք է շտապել, հնարավոր է ուշանալ, պետք էր հենց այդ վայրագությունների առաջին, երկրորդ օրը այդ հարցերով զբաղվել՝ Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ նման մտավախություն այս պահին չկա. «Նիստերից հետո մենք եկել ենք այստեղ: Տիկին Փոստանջյանն էլ այստեղ է եւ բավականին ակտիվ աշխատում ենք: Հուսանք, արդյունքի կհասնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Մամուլ