«Կրճատումների տեղ շատ կա. լավ է ուշ, քան երբեք». Էդմոն Մարուքյանը՝ Հովիկ Աբրահամյանին

12/05/2016

2016-ի բյուջեն քննարկելիս պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին դժգոհեց, որ այս սուղ պայմաններում կառավարության պատերը ոսկեզօծելու համար միայն 15,8 մլն դրամ են ծախսել: Հիշեցնենք, որ կառավարության շենքի ներքին հարդարման համար ճոխ-ճոխ ծախսեր էին արել՝ 241 մլն դրամի, որը մեզ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում: Այն ժամանակ, երբ էլի պատերազմական երկիր ունեինք, էլի աղքատ բնակչություն, արտագաղթ, սուղ բյուջե, Հովիկ Աբրահամյանի կառավարության սրահի միայն հաճարե փայտի դռների համար ծախսեցին բյուջեից 2.5 մլն դրամ, իսկ դռների շրջանակները գնել էին ավելի քան 1.5 մլն դրամ: Կառավարության նիստերի դահլիճի 1 սեղանն արժեցել էր բյուջեի վրա մոտ 7 մլն դրամ: Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը զգուշացրեց, որ պետք է կրճատել ոչ միայն վերանորոգման ծախսերը, այլեւ՝ գործուղումների, ծառայողական մեքենաների, ներկայացուցչական ծախսերը, նախարարություններում պետք է կրճատվի աշխատակազմը, օպտիմալացում լինի եւ այլն:
Aravot.am-ի հետ զրույցում պատգամավոր Էդմոն Մարուքյանը ողջունեց վարչապետի որոշումը: Նրա խոսքերով՝ կրճատումների տեղ շատ կա. «Նախարարությունների քանակից սկսած՝ մինչեւ տարածքային կառավարման մարմիններ՝ մարզպետարաններ, կառավարությանն առընթեր մարմիններ ուռճացված են: Բազմաթիվ հաստիքներ կան, որ կարելի է կրճատել: Փոխմարզպետների հարցն եմ ես բազմիցս բարձրացրել, որ կոալիցիոն հիմունքներով փոխմարզպետի ինստիտուտը հիմնվեց, հետո կոալիցիա չեղավ, բայց մինչեւ հիմա փոխմարզպետները կան: Այս խնդիրները ես գոնե հետեւողական կերպով 4 տարի բարձրացրել եմ: Հիմա եթե ականջալուր լինեն եւ կրճատում անեն, փոքր, բայց արդյունավետ գործող կառավարություն ստեղծեն, դա կարելի է ողջունել: Լավ է ուշ, քան երբեք: Կանեն, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»: Երբ այս հարցերը նախկինում բարձրացվում էր՝ կառավարությունը պնդում էր, որ տեղ չունեն կրճատելու, որ ամենաանհրաժեշտ քայլերն են անում, որ ներկայացուցչական ծախսերը շատ անհրաժեշտ են, հյուր ես ընդունում, պետք է պատշաճ ընդունես, հիմա ինչպե՞ս պարզվեց, որ ներկայացուցչական եւ այլ ծախսերում կրճատման տեղ կա՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ամեն ինչ ասվել է, որ դե ասում եք, բայց դա էլ է անհրաժեշտ: Հիմա ասում են՝ այնպիսի իրավիճակ է, որ պետք է նման քայլեր անենք: Ես կարծում եմ, նման քայլեր անելու անհրաժեշտությունը միշտ է եղել: Մենք չպիտի սպասեինք պատերազմ լիներ, նոր ասեինք՝ այլ ելք չունենք: Բայց լավ է ուշ, քան երբեք: Եթե հիմա էլ արագ փոփոխություններ արվեն, կարող ենք ոտքի կանգնել»: Այն, որ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ հանձնարարում ու ժամանակ է տալիս Արծվիկ Մինասյանին, օրինակ, մենաշնորհների հարցն ուսումնասիրելու, Էդմոն Մարուքյանը գտնում է, որ ուսումնասիրության կարիք չկա, թող բացեն մամուլի հրապարակումներն ուսումնասիրեն՝ լրիվ բավարար է՝ պաշտոնյաների ունեցվածքի եւ բիզնեսների մասին պատկերացում կազմելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Աղբյուր՝ aravot.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ