Զինվորը պետք է զգա, որ իր թիկունքում զարգացող համայնքներ կան, և էդ հողը պահելը իմաստ ունի Լարիսա Փարեմուզյան

16/05/2016

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը

– Տավուշի մարզի սահմանային գյուղերը պաշտպանական և տնտեսական տարիներով չլուծվող խնդիրներ ունեն: Դրանք լուրջ սպառնալիքներ են մեր երկրի ազգային անվտանգության համար: Ինչպե՞ս եք վերաբերվում սահմանային գյուղերի խնդիրներին:  

– Գիտեք, ես չորս տարի է՝ խորհրդարանում լոբինգ եմ անում, որ երկրում ապակենտրոնացման քաղաքականություն վարվի և Երևանի ու մարզերի, սահմանային փոքր ու միջին համայնքերի միջև առաջացած էդ մեծ վիհը վերացվի: Դա բնականաբար փուլ առ փուլ պետք է կատարվի: Միանգամից  հնարավոր չէ: Բայց պետք է մոտեցումը՝ վարվող քաղաքականությունը փոխվի: Մինչև այսօր անհնար է եղել այնպես անել, որ պետական դոտացիաների մեծ մասը չտրվի մայրաքաղաքին, որն իր զարգացման մակարդակով շատ առաջ է՝ հատկապես սահմանային համայնքերից: Սա ոչ թե դեմ է Երևանի զարգացմանը, այլ սա հանուն տարածքային համաչափ զարգացման լոբինգ է, ինչի հետ կապված մեր ձայնը տեղ չի հասել: Այսինքն մենք ամեն ինչ արել ենք, որ փոփոխություն կատարվի:

Երկու տարի է՝ Տարածքային կառավարման նախարարությունը խոսք է տվել, որ խորհրդարան պետք է բերի դոտացիաների համակարգը փոխելու մասին օրենքը: Այսօրվա եղած համակարգը գիտե՞ք ինչպես է գործում՝ որտեղ շատ մարդ կա, էնտեղ շատ փող է տրվում: Պարզ է չէ՞, որ սահմանային համայնքերը գնալով դատարկվում են, մարդիկ արտագաղթում են: Գնում են Երևան կամ մեծ քաղաքներ, կամ  Հայաստանից գնում են ընդհանրապես: Կառավարությունն էլ ասում է՝ դե էդ համայնքերում քիչ մարդ կա, էլի քիչ փող տանք: Էս մոտեցումներով հնարավոր չէ սահմանային համայնքերը զարգացնել: Պետք է հակառակը արվի․ որտեղ քիչ մարդ կա, պետք է այնտեղ պայմաններ ստեղծվեն, ապրելու աուրա ստեղծվի, որ մարդկանց էդ հողին կարողանան կապել և էնտեղ մնան: Այսինքն միայն  հայրենասիրությամբ, պաթոսով ելույթներով, կենացներով սահմանի վրա մարդ չես պահի: Էդտեղ 2-րդ պրոբլեմնն է առաջանում: Զինվորը, որ կանգնած է դիրքերում, պետք է զգա, որ իր թիկունքում զարգացող համայնքեր կան, և էդ հողը իմաստ ունի պահելը: Սա լուրջ խնդիր է, որը, ես կասեմ, քաղաքական համակարգի հիվանդությունների արդյունք է: Էս մարդիկ էդ տեսլականը չունեն: Իրենց հետ անհնար է դա անել:

– Սահմանային գյուղերը հայաթափելու նպատակով ադրբեջանական դիրքերից հրետակոծության տակ են պահվում Կոթի, Բարեկամավան, Բերդավան, Բաղանիս, Ոսկեվան, Դովեղ և Տավուշի սահմանային մյուս գյուղերի 1000-ավոր  հեկտարների վարելահողեր, արոտավայրեր և այգիներ: Գյուղացիները ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, որոհետև իրենց հողերը չեն կարողանում մշակել: Ի՞նչ  կառաջարկեիք՝ այդ գյուղացիներին աջակցելու համար:                      

– Ես ժամանակին քննադատական ելույթով հանդես եկա, երբ ինչ-որ դրամահավաք էր իրականացվում պատ կառուցելու համար, որ դպրոցի վրա չկրակեն: Դա ոչ թե պետությունն էր անում, այլ  դրամահավաքով էին անում: Պետք է նայենք Իսրայելի փորձը՝ ինչ ձևով են պաշտպանում իրենց բնակչությանը, ինչ մեթոդներ են կիրառում: Էստեղ էդ պետական մոտեցումը չկա: Պետությունը նման իրավիճակներում ասում է՝ մենք փող չունենք, դրամահավաքներ արեք: Ես կարծում եմ՝ մեր պետականության համար վնասաբեր և վիրավորական բան է, երբ  ֆիզիկական անձինք պետական գործառույթ են վերցնում իրենց վրա ու անում: Պետությունն էլ էդ ընթացքում պադավատներ է առնում, գերատեսչություններ է ուռճացնում, ինչ մասին կոկորդներս պատռվեց՝ էնքան ասել ենք:

Թե՛ սահմանում, թե՛ մյուս բնակավայրերում ապրող մարդիկ պետք է մի բան լավ հասկական․ եթե ուզում են երկրում փոփոխություն լինի, երկրում իրականացվող քաղաքականությունը փոխվի, պետք է ճիշտ ընտրություն կատարեն: Այսինքն, էդպես չի ստացվի, երբ դու ընտրություններին գնաս, անընդհատ ընտրես Հանրապետական կուսակցությանը, հետո բողոքես, որ երկիրը դատարկվում է: Սա դրա հետևանքն է: Ես ուրիշ ձև չեմ կարող ասել, ուրիշ բան չկա, որ հետը կապենք, դրա հետ է ուղղակիորեն կապված:

– Սահմանային գյուղերի մեծ մասը անգամ իրենց տնամերձերը մշակելու ոռոգման ջուր չունեն:

– Գիտեմ, մենակ դա չէ: Հիմա էնտեղ ոռոգման ջուր չկա: Լավ է՝ էս տարի չեն ուզում անեն, հիշեք անցյալ և նախանցյալ տարիների Էրեբունի-Երևան տոնը: Ես քննադատում էի, ասենք երկնքում պայթեցված սալյուտների գնով կարելի էր մի քանի ընտանիքների տնակներից հանել՝ տուն տալ, մի գյուղում ջրագիծ քաշել: Այս մոտեցումը կա: Պետական  քաղաքականությունը չկա: Մարդիկ Երևանում կտրված ապրում են, աշխարհին նայում են իրենց կաբինետների պատուհաններից և մտածում են, որ ամեն ինչ նորմալ է,  բոլորը երջանիկ են և առողջ: Բայց էտենց չէ: Մինչև մեր ժողովուրդը փոփոխություն չկատարի  կառավարման համակարգի մեջ, սահմանային գյուղերի նկատմամբ անուշադրությունը շարունակվելու է:

– Սահմանային գյուղերի որոշ գյուղապետեր մեզ հետ զրուցելիս իրենց հուսադրում էին, որ ապրիլյան քառօրյա պատերազմից կառավարությունը դասեր է առել:

– Ես դա չեմ տեսնում: Ինչ էլ նրանց կողմից ասվում է, նախընտրական բնույթ է կրում: Կոռուպցիայի դեմ պայքար, բան․ դրանք բոլորը նախընտրական բնույթ են կրում: Ես հույս չեմ կապում, որ այս իշխանությունները ինչ-որ բան անելու են և ինչ-որ բան փոխվելու է:

– Հիմա հանրության կողմից շրջանառվում է երկրի օլիգարխների՝ պետության և ժողովրդից թալանած գումարները բանակին ու ժողովրդին հետ վերադարձնելու պահանջը: Հնարավոր համարու՞մ եք:

– Ո՞վ պետք է հետ վերցնի: Վերցնողը էդ համակարգի մասն է կազմում: Համակարգի մի մասը մյուս մասին ո՞նց կարող է հարցնել, թե էս բանը ինչու եք արել: Եթե ես անարդար եմ, ես չեմ կարող անարդարության հարց բարձրացնել: Արդարը կարող է անարդարի առաջ նման հարց դնել: Էդ կոչերը կան: Բայց ո՞վ պետք է անի: Ումի՞ց եք պահանջում, որ անի: Էս համակարգը ինքն իր մեջ չի կարող բան փոխել:

– Այսուհանդերձ, ստեղծված վիճակի ելքը ո՞րն եք համարում:

– Ելքը  ընտրությունների միջոցով փոփոխությունների մեջ է, եթե ոչ ամբողջական, ապա գոնե քաղաքական բալանսավորման միջոցով: Էսօր Հայաստանի քաղաքական համակարգը դիզբալանսի մեջ է: Սպասվող ընտրություններին հնարավորություն կա բալանսի բերել համակարգը: Եթե դա մենք չարեցինք, ես չգիտեմ, շատ վատ հետևանքներ կունենանք:

– Ինչպե՞ս եք գնահատում ապրիլյան քառօրյա պատերազմում Հայաստանի ձեռքբերումները։

– Գիտեք, բավականին փուչիկներ պայթեցին․ դա, կարծում եմ, ձեռքբերում է: Հայտնի դարձավ, որ երկար տարիներ մարդկանց խափել և ստով սնել են: Օրինակ, կար սուտ, որ մարդիկ հարկերը չեն վճարում, որ զենք առնեն: Տանկեր են առնում: Պարզվեց՝ դա սուտ է և լկտի սուտ: Էն, որ մեր բանակը ցույց տվեց, որ ամենայն բարձրության վրա է, կարող է կանխել ցանկացած ցեղասպանություն և երևի միակ կայացած պետական ինստիտուտն է, դա ևս մեկ անգամ արձանագրվեց: Բայց դրա շարունակությունը, փոփոխություններ անելու հույսը, այն էներգետիկան, որ ձևավորված է՝ ես տեսնում եմ, որ մենք շանսը կորցնում ենք: Ձեռքբերումներ, այո, ունեցանք, շատ թանկ գնով: Բայց  դա պետք է կապիտալիզացնել, ինչը ես չեմ տեսնում էս համակարգում:

Աղբյուր՝ hetq.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ