18-ից ավելի գերատեսչությունները 2 մլն բնակչության համար շատ են. Էդմոն Մարուքյան
«Հասկացանք, որ միայն չօգտագործվող մեքենաներից եք հրաժարվում, աշխատակազմից էլ ոչ ոք չի կրճատվում»,- այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը` դժգոհելով կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումներից, որ կրճատվելու են չօգտագործվող ավտոմեքենաները:
«Խորհուրդ եմ տալիս չլինել այդքան հոռետես: Ուռճացված ապարատի մասին ես չեմ ասել, ես չեմ ասել չօգտագործվող մեքենաների մասին»,- հակադարձեց Դ.Հարությունյանը` նշելով, որ 109 մեքենա առաջացրել է ֆինանսական հետևանքներ և, եթե կառավարության տրամադրության տակ այս տարի եղել է X մեքենա, 2017թ-ին լինելու է X-109 մեքենա:
Ինչ վերաբերում է պետական համակարգին, Դ.Հարությունյանը նշեց, որ կառավարության աշխատակազմի իրավական ծառայությունը քիչ թվով`13 հոգով սպասարկում է 9000 փաստաթութ:
«Իմ գնահատակաները ոչ թե հոռետեսական էին, այլ իրատեսական»,- իր հերթին հակադարձեց Է.Մարուքյանը:
Ըստ նրա, հայտնի մեթոդաբանություն է` առանձնացնել մի վարչություն, որ ծանրաբեռնված է ու դրա վրա օրինակ բերել: Նրա կարծիքով` 18-ից ավելի գերատեսչությունների պարագայում չի կարող լինել 2 մլն բնակչության արդյունավետ կառավարում, նույնը վերաբերում է մարզպետարաններին, որ հայտնի չէ, թե ինչ խնդիրներ են լուծում:
Նրա խոսքով` ամեն ինչ նրանում է, որ հայտարարությունները հռետորաբանության մակարդակում չմնան: «Մեքենաների դեպքում լավ կլիներ, որ կառավարությունն ասեր, թե որ պաշտոնյաներն այլևս չեն կարող ունենալ ծառայողական մեքենաներ»,- ասաց պատգամավորը:
Աղբյուր՝ 168.am