Երևանի արձագանքը Զախարովային պետք է լիներ շատ ավելի հասցեական ու ուղղված լիներ ՌԴ-ին. Էդմոն Մարուքյան

13/06/2016

Երևանը պետք է Մոսկվային ասեր, որ մեր ներքին գործն է ու  հայ ժողովուրդն է գնահատական տալիս, թե մեր մեծերից ում արձանը դնենք, ումը` ոչ, իսկ Մարիա  Զախարովային Երևանի պատասխանը պետք է լիներ շատ ավելի հասցեական: Tert.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի` Նժդեհի արձանի շուրջ արձագանքներին:

«Մեր պատասխանը  պետք է ուղղված լիներ ոչ թե Ադրբեջանին, այլ Ռուսաստանին, որովհետև եթե Ադրբեջանը կարող է տարբեր առիթներով շանտաժներ անել, քարոզարշավներ անել Մոսկվայում, ապա Մոսկվան դրանից բխող հայտարարություններ է անում` ընդդեմ Հայաստանի: Հետևաբար,Ադրբեջանը չի մեղավոր, որ Մոսկվան նման հայտարարություններ է անում, և Երևանը պետք է Մոսկվային ասի, որ դա  մեր ներքին գործն է, ու հայ ժողովուրդն է գնահատական տալիս` մեր մեծերից ում արձանը դնենք, ումը` ոչ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հետ կապված միջազգային արձագանքներին:

Հիշեցնենք նաև, որ  ՀՀ  ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, որը խոստացել էր, որ կլինի պաշտոնական Երևանի արձագանքը` Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման վերաբերյալ, հիմնականում անդրադարձել էր ադրբեջանական արձագանքներին` նախ վերաարձանագրելով Նժդեհի դերը` հայոց պատմության մեջ  (Հայաստանի ու Լեռնահայաստանի` Զանգեզուրի պաշտպանություն), ապա հավելել, որ  Հայաստանում  Նժդեհի անունով  բազմաթիվ հրապարակներ, փողոցներ, մետրոյի կայարան կա:

Մյուս կողմից,  Հայաստանի  իշխող Հանրապետական  կուսակցությունը, որի գաղափարախոսության հիմնաքարը Նժդեհի ուսմունքն է, տարիներ շարունակ համագործակցում է ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիայի» հետ: Այդ դեպքում, ինչո՞ւ Նժդեհի ուսմունքը ՌԴ-ին հետ չի պահել համագործակցությունից, և միայն հիմա է աղմուկ բարձրացվում Նժդեհի շուրջ: Արդյո՞ք այս մեղադրանքներն արհեստական չեն և նպատակ չունեն Հայաստանին դավաճանության մեջ մեղադրելու:

Ըստ Էդմոն Մարուքյանի` այն ժամանակ, երբ մայրաքաղաքի մետրոյի կայարաններից մեկն անվանվում էր Գարեգին Նժդեհի անվան, Հայաստանը «Ռուսաստանին այդքան կցված չէր»:

«Եվ զարմանալ պետք չէ` ինչու են հիմա հայտարարում, որովհետև հիմա է, որ մենք դարձել ենք Ռուսաստանի քաղաքականության սպասարկողը»,- ավելացրեց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնությունն այսօր հավաքվելու է Ազգային ժողովի մոտ`  Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացումը կանխելու համար:

Էդմոն Մարուքյանը, որը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվում արդեն իսկ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, կարևորում է  Հայաստանի քաղաքացիների ՀՕՊ համաձայնագրին համաձայն չլինելը:

«Մինչև Ռուսաստանը չհայտարարի, որ Ադրբեջանի հետ դադարեցնում է  ռազմական համագործակցությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը այդ զենքերով ռազմական հանցագործություններ է կատարել` միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելով,  չի կարող նման համաձայնագիր ստորագրվել: Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն հավատում որևէ ռազմական համագործակցությանը, որը կոչվում է հայ -ռուսական»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գերմանիայում Մերկելի հետ հանդիպելուց հետո հայտարարել էր, որ «Ադրբեջանը ալերգիա չունի նրանից, որ ՌԴ-ն զենք  է մատակարարում ՀՀ-ին», բայց Հայաստանն ունի:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ համեմատությունը տեղին չէ` ասելով. «Որովհետև նախ, ՌԴ-ի` Հայաստանին մատակարարած զենքը տարբերվում է այն զենքերից, որ վաճառում են Ադրբեջանին, երկրորդ` մեզ վաճառած զենքով  ռազմական հանցագործություններ չեն կատարվում»։

Իսկ երրորդ, ըստ Մարուքյանի, ՌԴ-ն որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, իրավունք չունի  տարածաշրջանը զինել: Եվ այդ առումով նա հիշեցրեց քաղաքագիտական որոշ շրջանակների առաջարկները, որ այդ դեպքում թող ՌԴ-ն 2 կողմերին էլ զենք չվաճառի:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ