Հակված չեմ հավատալ պաշտոնական հաղորդագրությանը. Էդմոն Մարուքյանը Սէֆիլյանի ձերբակալման մասին

22/06/2016

«Տեղեկատվության լուրջ պակաս կա հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել։ Տեսանյութերից մեկում տեսել եմ, որ տան խուզարկության ժամանակ թույլ չէին տալիս փաստաբանը մասնակցի։ Սա արդեն իսկ սեփականատիրոջ կնոջ սահմանադրական իրավունքի խախտում է։ Սրանք ակնհայտ խախտումներ են, ինչը կազդի ապագայում խուզարկության արձանագրության վրա»։ Անդրադառնալով Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությանը՝ ասել է  ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը։Մարուքյանը նշել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին. «Ունեմ փորձ իրավաբանի և իրավապաշտպանի, բայց այս պահին իր փաստաբաններից առաջ չեմ ուզում ընկնել, պետք է սպասել հասկանալ՝ ինչ տվյալներ կան, ինչում է մեղադրվում, ինչ ապացույցներ կան և արդյոք այդ ապացույցներն իրական են և սարքված չեն և ապացուցողական բազան բավարար է նման մեղադրանք առաջադրելու համար»։Հարցին՝ քաղաքական դրդապատճառ տեսնո՞ւմ է Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մեջ, պատգամավորը արձագանքել է. «Ամեն դեպքում ձերբակալվողը քաղաքական գործիչ է, նաև Արցախի հերոսներից։ Տեղի ունեցածը մտահոգիչ է։ Ցանկացած քաղաքական գործչի նկատմամբ երբ քրեական հետապնդում է սկսվում, առաջին միտքը, որ գալիս է, քաղաքական մոտիվներն են։ Ամեն դեպքում, իր փաստաբաններից առաջ չեմ ընկնում, ընթացքում մենք մեր հայտարարությամբ հանդես կգանք և ինչով կարող ենք, միջամտություն կունենանք»։Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը,  ապա, ըստ Մարուքյանի, չի կարելի լուրջ վերաբերել որպես փաստ, եղելություն. «Նմանատիպ հաղորդագրություններ են եղել, բայց մարդիկ ազատ են արձակվել, գործերը կարճվել են։ Հիշեք Վարդան Օսկանյանի՝ փողերի լվացման հաղորդագրությունը։ Այսինքն՝ այդ մամուլի հաղորդագրությունը հետո ի՞նչ եղավ, ե՞րբ քրեական գործը կարճվեց, կամ այդ մարդիկ, ովքեր կողմ էին, որ զրկեն նրան անձեռնմխելիությունից, հետո ինչ էին մտածում, այսինքն՝ մամուլի հաղորդագրություններին, պաշտոնական մեղադրական եզրակացություններին հակված եմ ի սկզբանե չհավատալ, հետևաբար այդ հաղորդագրությունը ինձ համար վերլուծության առարկա չէ»։

Նա նաև ասել է, որ եթե կարիք լինի, ապա կարող է այցելել Ժիրայր Սեֆիլյանին ցանկացած պահի։Հիշեցնենք, որ հունիսի 20-ին մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը:Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ 2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: Ըստ հաղորդագրության՝ Ժիրայր Սէֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով՝ զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը:

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ