ՀՀԿ-ի վիճակը Վանաձորում ծանրից էլ այն կողմ է, դրա համար Կառավարության՝ 160 մլն դրամ ներարկելը փորձում են ձեռքբերում ներկայացնել. Է. Մարուքյան

03/09/2016

Կառավարությունը պահուստային ֆոնդից 160 մլն դրամ կհատկացնի Լոռու մարզպետարանին՝ Վանաձոր համայնքի ֆինանսական վիճակը բարելավելու համար: Վանաձորից ընտրված ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչության ղեկավար Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Կառավարության այդ որոշումը միանշանակ կապ ունի առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ:

Իսկ մինչ այդ, նա տեղեկացրեց, որ քաղաքի վատ կառավարման արդյունքում քաղաքապետարանը մի քանի հարյուր մլն դրամի պարտք է կուտակել համայնքային աշխատողների նկատմամբ և կուտակված այդ պարտքից մեկ ամսվա աշխատավարձն են միայն այդ գումարով վճարելու:

«Բնականաբար, ես՝ որպես Վանաձորից ընտրված պատգամավոր, ինչպես նաև Վանաձորը ներկայացնող այլ պաշտոնյաններ ևս Կառավարության առաջ բարձրաձայնել ենք, որ նման խնդիր կա և հիմա Կառավարությունը 160 մլն աջակցել է, որ այդ մարդկանց մեկ ամսվա աշխատավարձը տան: Ես հասկանում եմ, որ դա միայն մեկ ամսվա աշխատավարձի խնդիր է, բայց Վանաձորի քաղաքապետարանը դա ներկայացնում է որպես տեղական ՀՀԿ կառույցի ինչ-որ ձեռքբերում, ինչը նախ՝ իրականությանը չի համապատասխանում, երկրորդ՝ ՀՀԿ-ի ձեռքբերումն այն կլիներ, որ համայնքը չունենար կուտակված մեծ պարտքեր, որը վատ կառավարման արդյունք է»,- ասաց նա՝ նշելով, որ ՀՀԿ-ն Կառավարության այս աջակցությունը ներկայացնում է  որպես նախընտրական լոբբինգ:

«Ինչպես օրինակ՝ ՀՀԿ-ն ներկայացնող թեկնածու նոտարը՝ (Մամիկոն Ասլանյան) Facbook-ի իր էջում գրառում է արել, թե իրենք դիմել են և Կառավարությունն աջակցել է, բայց հարց է ծագում՝ նոտա՞րն է դիմել Կառավարությանը, ո՞վ է դիմել…այս դեպքում ես գիտեմ, որ դա մեր իրականացված լոբբինգի արդյունքն է»,- ասաց նա:

Թե ինչու են հիմա տալիս, Մարուքյանը պատասխանեց. «Որովհետև հասկանում են, որ ՀՀԿ-ի վիճակը Վանաձորում կոնկրետ կարող եմ ասել ծանրից էլ այն կողմ է, ասում են չէ՝  հիվանդը կայուն ծանր է, հիմա այս դեպքում՝ կայուն ծանրից էլ այն կողմ է: Հիմա փորձում են գումար ներարկելով մարզպետարանի բյուջե,  նախ վաճառեն ժողովրդի վրա այդ միտքը, որպես ձեռքբերում և ընտրող գրավեն և մյուս կողմից՝ մեղմեն ստեղծված իրավիճակը համայնքային ծառայողների նկատմամբ»,- ասաց նա:

Մինչդեռ, ըստ Էդմոն Մարուքյանի՝ ինքը պետք է հիասթափեցնի. «Բնականաբար,  Կառավարությանը շնորհակալ եմ, որ համայնքային ծառայողների աշխատավարձերի համար փոխանցված գումարները տեղ են հասել, բայց մյուս կողմից, ես գտնում եմ, որ այդ խնդիրը չի լուծվելու, և վիճակը դրանից չի բարելավվելու, ուղղակի  մարդիկ իրենց աշխատավարձը կստանան»:

Հարցին՝ քանի ամսվա՞ են պարտք, ասաց որ իր տեղեկացվածությամբ 3-4 ամիս չեն ստացել աշխատավարձ:

Իսկ թե պատասխանատվության հարց բարձրացվել է՝ Մարուքյանն ասաց, որ այս պահին միակ պատասխանատվության հարց բարձրացնողն իրենք են: «Մենք ենք միայն  ասում, որ վատ կառավարման արդյունքում է այս վիճակը ստեղծվել և դրա համար աուդիտ  պետք է արվի քաղաքապետարանում, հասկանալու համար, թե այս պարտքերը ոնց են  կուտակվել: Պատասխանատվությունն իհարկե քաղաքական է, և դրա համար պետք է պատասխան տա ՀՀԿ-ն, որը կարող է այդ պատասխանատվությունը մեկ մարդու վրա գցել՝ գործող քաղաքապետի, հետո ասել մենք գործ չունենք, բայց իհարկե նման բան  չկա, գործող ավագանու 80  տոկոսը իրենց ցանկում են, հետևաբար այս մարդիկ պատասխանատվություն են կրում բյուջեի համար, իսկ  ավագանու գործը ո՞րն է՝  հսկել համայնքային բյուջեն։ Այդ ո՞նց են  հսկել, որ մի քանի 100 մլն դրամի պարտք է կուտակվել»,- ասաց նա:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ