Այնպես եք անելու, որ մարդիկ ընտրախախտումների մասին իրենց ունեցած ահազանգերը չներկայացնեն. Էդմոն Մարուքյան
Մարուքյանը նշեց, որ բազմաթիվ ահազանգեր են լինում, իհարկե, որոնք չեն հաստատվում: «Հիմա չեն հաստատվում, չեն հաստատվում, հետո ինչ»,-ասաց նա:
Հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ եթե միայն իրավապահ համակարգին վերաբերվեր, խնդրիր չէր լինի: «Բայց մենք խոսում ենք ընտրական վեճերին լուծումներ գալու մասին, այս տեսանկյունից իսկապես մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ»,-ասաց նա և նշեց, որ կոնկրետ Մարուքյանի օրինակի դեպքում քրեական պատասխանատվության հարց չկա:
Ըստ նրա, եթե կա հաջող ձևակերպում, պատրաստ են քննարկել:
Էդմոն Մարուքյանը նշեց, թե նկատի ունի իրավիճակ, երբ հայտնաբերվել է, որ հարևանն այստեղ չէ, բայց նրա փոխարեն քվեարկել են. «Հետո արձանագրություններ, քննություն լինի ու պարզվի, որ իրականությանը չի համապատասխանում, այդ մարդուն են գտնելու և ասեն, թե դու ես դիմել, ու քրեական պատասխանատվություն ենթարկեն: Մոտեցումը գուցե ճիշտ է, բայց այս ձևով վտանգավոր է: Ասեն, որ հայտարարություն տվեցիք՝ կդատեն, մարդիկ էլ կասեն՝ լավ դե ինչ անենք, վտանգի տակ չդնենք»,-ասաց նա և նշեց, թե խրախուսման նորմ պետք է սահմանել:
Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հիմա եթե մեր խնդիրը լուծում եք՝ տալով այլ լուծում, որով մեր մտահոգությունը փարատվում է, համաձայն եմ, բայց ակնհայտ է, որ անթույլատրելի են անպատասխանատու հայտարարությունները, որոնք կստեղծեն վատ ընտրությունների մասին տպավորություն»:
Աղբյուր՝ tert.am