Ջրառատում ընտրությունը անցավ տեռորի ու խայտառակ կեղծիքների մթնոլորտում. Էդմոն Մարուքյան

19/09/2016

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերի 18-ի ընտրություններում  երկու համայնքում էր թեկնածու առաջադրել՝ Նոյեմբերյան քաղաքում եւ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Երկու տեղում էլ պարտվել է,  բայց հաջողել է մի  քանի թեկնածու ունենալ ավագանու կազմում։

Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ խայտառակ ընտրակեղծիքներ են արձանագրվել Ջրառատ գյուղում։

«Նոյեմբերյանում ու Ջրառատում մեր  թեկնածուները պարտվել են, բայց Նոյեմբերյանի, ավագանիում 3 անդամ է անցել։ Ջրառատից շատ դժգոհ ենք, խայտառակ կարուսել էր գործում ու տեռորի մթնոլորտ։ Բացահայտել ենք ու տեսանկարահանել այդ խայտառակությունը»,-ասաց  էդմոն Մարուքյանը։

Ըստ պատգամավորի՝ սահմանափակված էր ազատ կամարտահայտման իրավունքը գյուղական համայնքների մակարդակով։

«Անգամ կարուսելի պայմաններում եթե մարդիկ հնարավորություն ունենային վախի մթնոլորտից դուրս քվեարկելու, դժվար քվեարկեին գործող գյուղապետի օգտին։ Վախի մթնոլորտն էր շատ ակնհայտ, եթե կարողանաս դա հաղթահարել, հնարավոր կլինի  մի գուցե հաղթել, դրա համար, իմ կարծիքով, ավելի մեծ շանս կա հաղթել քաղաքային համայնքներում, որտեղ մտածողությունն այլ է»։

Էդմոն Մարուքյանը այս ընտրություններում առաջընթաց է համարում քաղաքական պայքար մղելու գործոնը։

«Քաղաքական պայքար էր,  քաղաքական ուժերի քարոզարշավ ընթացավ, ինչը առաջընթաց է, ՏԻՄ ընտրությունների պրոցեսներում ներգրավվված էին կուսակցություններ եւ ,սա կարծում եմ, առաջին անգամ էր ու պետք է այպես շարունակել՝ մեծ տեղ տալով ՏԻՄ ընտրություններին։ Եւ եթե այսպես կարեւորվեն, ապա հաջորդ անգամ հնարավոր կլինի հաղթահարել վախի մթնոլորտը»,-ասաց նա:

Պատգամավորը նշեց, որ  հետամուտ են լինելու, որ  ընթացք տրվի իրենց արձանագրած ընտրակեղծիքներին։

Նա շեշտեց, որ Ջրառատ գյուղում առկա վախի մթնոլորտը պայմանավորված է եղել ընտրություններից մեկ օր առաջ Էջմիածինում քաղաքապետի թեկնածուների միջեւ տեղի ունեցած  կրակոցներով, դաժան ծեծկռտուքով։

Նշենք, որ Ջրառատ գյուղում առաջադրվել էր երեք թեկնածու․ գործող գյուղապետ Սամվել Գալստյանը, անկուսակցական Հակոբ Մելքոնյանը, Տիգրան Խաչատրյանը եւ «Լուսավոր Հայաստանից» Արման Ղուկասյանը։ Վերընտրվել է Սամվել Գալստյանը։ Նշենք, որ վերջինս ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի քրոջ որդին է:

Աղբյուր՝ news.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ