«Ելք» դաշինքն իր տարբերանշանն ու կարգախոսը կունենա. ավելի ուշ կհրապարակվի ցուցակը

16/01/2017

Ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր առաջին դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերն այժմ աշխատում են «Ելք» դաշինքի տարբերանշանի (լոգո) եւ կարգախոսի վրա: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարտուղար Անի Սամսոնյանը՝ խոսելով դաշինքի ընթացիկ աշխատանքներից: Հիշեցնենք, որ «Ելք» դաշինքի մաս են կազմում «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

«Քանի որ դաշինքը դեռ կազմավորման փուլում է, մենք դեռ տարբերանշանը, կարգախոսն ենք ընտրում, նաեւ կազմակերպչական, կառուցվածքային հարցերն ենք լուծում»,- ասաց Անի Սամսոնյանը՝ նշելով, որ դաշինքը նիստեր գումարում է ըստ անհրաժեշտության, երբեմն էլ լինում են արտահերթ նիստեր, բայց շաբաթական կոնկրետ նիստերի քանակ սահմանված չէ:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակին, որը հետագայում պետք է ձուլվի մյուս քաղաքական ուժերի ցուցակներին, Անի Սամսոնյանն ասաց, որ այժմ ընթանում են ցուցակի կազմման աշխատանքներ, սակայն ե՛ւ ռեյտինգային, ե՛ւ համամասնական ցուցակները կհրապարակվեն մինչեւ հունվար ամսի վերջ: «Մեզ մոտ գրեթե բոլորը կառաջադրվեն ռեյտինգային ցուցակներով, մինչեւ հունվարի վերջ կհրապարակենք նաեւ համամասնականը: Այս պահին միայն այդքանը կարող եմ ասել»,- ասաց կուսակցության քարտուղարը:

Հարցին՝ ինչպիսի՞ն է լինելու դաշինքի ցուցակի կազմման տրամաբանությունը, նա պատասխանեց. «Դաշինքի ցուցակի կազմման գործընթացն էլ է ընթացքի մեջ, սակայն այս պահին որեւէ կոնկրետ բան չեմ կարող ասել, որովհետեւ քննարկումներ են ընթանում: Այդ ցուցակը, հավանաբար, փետրվարին կհրապարակենք եւ բոլորին պարզ կլինի»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն էլ մեր զրույցում ասաց, որ այսօր հրապարակված 10 թեկնածուից բացի, ՔՊ-ն ունի եւս 25-ը, քանի որ առաջադրված թեկնածուների թիվը 35-ն է: Նրա խոսքով՝ ինչպես հայտարարել է կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը, այդ տրամաբանությամբ էլ կձեւավորվի դաշինքի ցուցակը՝ կոնսենսուսով: «Իմ պատկերացմամբ՝ հավասարության սկզբունքով է կազմվելու»,- ասաց ՔՊ վարչության անդամը:

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարել են ՔՊ-ի բազմաթիվ անդամներ, հարցին ինչպե՞ս է որոշվել, որ նրանք առաջադրվելու են, դաշինքում կոնսենսուս կա՞ ռեյտինգայինի թեկնածուների առաջադրման մասով, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ես իմ մասին խոսեմ նաեւ, որովհետեւ այս փուլում շատ ընկալվեց, որ ես հայտարարել եմ, թե դնում եմ թեկնածությունս, բայց ես հայտարարել եմ, որ ես պատրաստվում եմ պայքարի մտնել: Բնական է, կարող է քննարկում լինել դաշինքի ներսում եւ որոշում կայացվի, պայմանական եմ ասում, որ ես, ընդհանրապես, չեմ առաջադրվում եւ դրա փոխարեն զբաղվում եմ, ենթադրենք, ինչ-որ գործով: Դա մեր պատրաստակամությունն է, որ առաջադրվենք այս կամ այն ընտրատարածքներում, բայց բնական է՝ մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում հնարավոր է բան փախվի»:

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ կուսակցությունն իր համամասնական ցուցակը կազմելու ուղղությամբ աշխատանքներ է տանում: «Դեռեւս վերջնական տեսքի չի բերվել: Աշխատանք է կատարվում նաեւ ռեյտինգային ցուցակների մասով, թե ովքեր են առաջադրվելու: Այսինքն՝ ովքեր են լինելու ռեյտինգային ցուցակներում, որ ընտրատարածքներում: Կարծում եմ՝ ընթացքիկ շաբաթվա մեջ որոշակի բաներ հստակ կլինեն»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն կազմել է իր համամասնական ցուցակը, որը գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ն առաջին կուսակցությունն է, որն ընտրացուցակը կազմել է պատվիրակների փակ, գաղտնի քվեարկությամբ:

Աղբյուր՝ armtimes.com

Բաժին: featured, Մամուլ, Նախընտրական նյութեր