Ազդարարի ինստիտուտը գործիք է լինելու ընդդիմության ձեռքին. Էդմոն Մարուքյան

09/06/2017

Շարունակվում է կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստը: Քննարկվում է Արփինե Հովհաննիսյանի և կառավարության կողմից համատեղ ներկայացված կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հարակից օրենքներում փոփոխություններ իրականացնելու մասին հարցերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:

Հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց խորհդարանական խմբակցություններին, որոնք ներկայացրել են ոչ միայն գրավոր, այլև բանավոր առաջարկներ: Նա նշեց, որ հաշվի է առնվել ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք խմբակցությունների առաջարկությունը, և կոնսենսուսի կարգով խորհրդարանական ընդդիմությունը կոռուպցիայի դեմ կանխարգելման հանձնաժողովի խորհրդում կունենա անդամ, նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կլինի՝ կրկին կոնսենսուսի միջոցով:

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորների մի շարք այլ առաջարկություններ ևս ընդունվել են:

«Ելք» դաշինք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտքերի փոխանակման ժամանակ նշեց, որ հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծումը, ազդարարի ինստիտուտի ներդրումը դրական տեղաշարժ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում: Նրա խոսքով՝ այս պահին իշխանության մոտ տեսնում են կոռուպցիայի դեմ պայքարի պատրաստակամություն, և իրենք կողմ են քվեարկելու այս նախագծին: Մարուքյանն ընդգծեց, որ թե՛ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը, թե՛ ազդարարի ինստիտուտի ներդրումը գործիք է լինելու հենց ընդդիմության ձեռքին, ուստի դրանք կարող են կայանալ: Նա ընդգծեց, որ օրենքի` ուժի մեջ մտնելուց հետո իրենք առաջին իսկ օրից օգտագործելու են այդ մարմինն ու ինստիտուտը:

Աղբյուր՝ yerkir.am

Բաժին: featured, Մամուլ