Վարչապետը մնաց մենակ եւ շատ վատ վիճակում հայտնված մարդու տպավորություն թողեց

22/06/2017

Մեր զրուցակիցն է ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը
Պարոն Մարուքյան, Ազգային ժողովում վարչապետի՝ կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո անէքսպրեսիա ելույթ որակեցիք։ Վարչապետին տրված Ձեր հարցերի պատասխանը ստացե՞լ եք։
Ոչ, հարցի պատասխանը չենք ստացել, իսկ հարցը հետևյալն էր՝ մենք ում հետ գործ ունենք, մենք գործ ունենք ժամանակավո՞ր վարչապետի հետ, որն ուղղակի տեղապահ է, թե՞ մենք գործ ունենք երկարատև ծրագրեր իրականացնող վարչապետի հետ, որը ներկայացնում է քաղաքական մեծամասնություն։ Ըստ էության՝ վարչապետը չկարողացավ ասել, որ ինքն այս ծրագիրն իրականացնողն է մինչև 2022 թվականը, ավելին, ոչ միայն չկարողացավ ասել, այլ նաև Շարմազանովը ասաց, որ ըստ էության ինքը չէ։ Ասաց՝ եթե ուզում եք իմանալ ում հետ եք գործ ունենալու, դուք գործ եք ունենալ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի հետ, վարչապետ Կարեն Կարապետյանի անունը չշեշտեց։ Դա նշանակում է, որ որևէ ներդրում, տնտեսական զարգացում և այլն, մենք չենք կարող ակնկալել։
Ի դեպ, ամբողջ ծրագիրը ներկայացնելիս չնշվեց նաև Հանրապետական կուսակցության անունը։ Միտում տեսնո՞ւմ եք։
Ըստ էության՝ մենք նաև դահլիճում համոզվեցինք, որ նրան պաշտպանող էլ չկար։ Անգամ Հանրապետական պատգամավորները նրան չպաշտպանեցին։ Նա մնաց մենակ և շատ վատ վիճակում հայտնված մարդու տպավորություն թողեց։ Երբ ասացի անհավես, անէմոցիա, անէքսպրեսիա, ես նկատի ունեի այն, որ երբ 2016-ի սեպտեմբերին եկել և ներկայացնում էր ծրագիրը, այն ժամանակ դրայվով եկել էր, ամեն դեպքում տպավորությունն այնպիսին էր, որ եկել էր ինչ-որ բան անելու։ Այս անգամ 49 տոկոս ձայն ստանալուց հետո ես այդ տպավորությունը չստացա, այսինքն՝ ինքն էլ գիտի, որ մեծ հաշվով ինքը որևէ դերակատարում չի ունենա։
Վարչապետը նշեց, որ ԵԼՔ-ի հետ հանդիպումը ծրագրի քննարկման շուրջ կարող է այսօր էլ լինել։ Հնարավո՞ր է մինչև ծրագրի քվեարկությունը հանդիպեք։
Չէ, ինչ իմաստ ունի, ինչի մասին է խոսքը, երբ վարչապետը քաղաքական հոտառություն չունի և չի կարողանում հանդիպում կազմակերպել ընդդիմության հետ, ինչ հանրային համերաշխություն է անելու։ Պետք է բոլորը հասկանան, որ ԵԼՔ դաշինքը Հայաստանի երրորդ քաղաքական ուժն է, և ԵԼՔ դաշինքը ֆակտոր է բոլոր քննարկվող հարցերում և իրավիճակներում։ Եվ դա որևէ մեկը չի կարող անտեսել, ականջի հետև գցել, հաշվի չառնել։ Եվ եթե վարչապետը ցանկություն ուներ իր ծրագիրը ներկայացնելու կամ ինչ-որ կերպ ինչ-որ բան փոխելու, ապա պետք է անպայման ԵԼՔ դաշինքի հետ հանդիպում ունենար։ Հիմա նա դա չի արել, ուստի աջակցության կարիք էլ չունի, քննարկելու բան էլ չունի։
Պարոն Մարուքյան, եթե նշում եք, որ ԱԺ-ում նրան անգամ հանրապետական պատգամավորները չաջակցեցին, չի՞ նշանակում արդյոք, որ կա Սարգսյան-Կարապետյան թևերի միջև հակամարտություն։
Չեմ կարծում, թե հակամարտություն կա, ուղղակի կա ժամանակավոր վարչապետ, իսկ մեր երկիրը իրավունք չունի ժամանակավոր բաներ ունենալու, որովհետև մենք այնպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած, որ մեզ օդի պես պետք է որոշակիություն, կանխատեսելիություն, որի արդյունքում է միայն, որ երկիրը կարող է թեկուզ փոքր, բայց զարգացումներ և հաջողության պատմություններ ունենալ։ Եվ մեր խաչաձև հարցաքննության արդյունքում մենք տեսանք, որ վարչապետը չի կարող ասել, որ ինքը շարունակելու է։

Աղբյուր՝ lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ