Ինչ գիրք են կարդում պատգամավորները

25/07/2017

Tert.am-ը հետաքրքրվեց, թե 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորները ինչ գիրք են կարդում արձակուրդային շրջանում: Շատերը ոչ թե մեկ, այլ միաժամանակ մի քանի գրքեր են կարդում:

«Ելք» խմբակցության Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ կարդում է կանադացի լրագրող, սոցիոլոգ Մալքոլմ Գլադուելի «Outliers» (թարգմանվել է «Հանճարներ և աութսայսդերներ») գիրքը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը միաժամանակ կարդում է երեք գիրք:

«Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում և ոչ միայն» գիրքը՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի չբացահայտված անդամներից մեկի տեղեկությունների հիման վրա։ Շատ հետաքրքիր, գեղարվեստական ոճով շարադրված գործ, որն ընթերցվում է մի շնչով ու հնարավորություն տալիս նոր հայացք նետել ԱՍԱԼԱ-ի ամբողջական պատմությանը»,-ներկայացրեց Սամվել ֆարմանյանը:

Նա զուգահեռաբար կարդում է հայկական արմատներով հեղինակի՝ Գեորգի Բեռլուգզյանի «Հայաստանը՝ հետխորհրդային ռեստավրացիայից դուրս գալու ճանապարհին» գիրքը, որ դրսում ապրող սոցիոլոգի հայացքն է հայաստանյան իրողություններին ու հնարավորություններին: Սամվել Ֆարմանյանը հատկապես տպավորված է, որ այն, ի տարբերություն շատ-շատերի, դրական լույսի ներքո է ներկայացնում մեր երկրի իրողություններն ու հնարավորությունները:

Զուգահեռաբար կարդում է նաև հայ հեղինակների անգլերեն թարգմանությունները՝ հայտնի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գիրքը նրան նվիրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սամվել Ֆարմանյանը հավելեց, որ հիացած է Սամվելի՝ լեզվի խորը իմացությամբ ու նրանով, որ այդ գրքի շնորհիվ բացահայտեց նաև ժամանակից որոշ հետաքրքիր հեղինակների:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ գրեթե միշտ միաժամանակ մի քանի գիրք է կարդում:

«Վերջերս Աղվան Հովսեփյանը նվիրել է իր գրած գիրքը՝ «Մատյան ողբերգության աղոթարանի իրավաբանական ընթերցումը», շատ հետաքրքիր գիրք է: Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» իրավագիտության տեսանկյունից է ներկայացված»,- ասաց նա:

Շարմազանովը հայտնեց, որ այժմ գտնվում է իր ծննդավայր Ալավերդիում և սկսել է վերընթերցել դպրոցական ժամանակների գրականությունը, մասնավորապես՝ Ֆեոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները»: Այս պահին Շարմազանովը հիմնականում վերը նշված երկու գրքերն է կարդում, բայց նրա սեղանին մշտապես դրված են Աստվածաշունչը և Գարեգին Նժդեհի գիրքը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ կարդում է Գուրգեն Եղիազարյանի «Գողը» գիրքը։ «Ամբողջ փեշակս գիրք կարդալն է: Անընդհատ, շարունակաբար գիրք եմ կարդում: Այս պահին նաև քաղաքական, ասենք՝ Թոֆլերի գրքերից եմ կարդում, չեմ կարողանում չկարդալ: Արձակուրդում որքան ուզում եմ հեռու մնալ քաղաքականություն, մեկ է՝ չի ստացվում»,- ասաց Բոստանջյանը:

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արման Սաղաթելյանը, կարդում է գերմանացի լրագրող Տիմուր Վերմեշի «Նա նորից այստեղ է» գիրքը: Նրա խոսքով՝ այն շատ հետաքրքրիր ֆենտզի է. պատգամավորը, սակայն, չպատմեց բովանդակությունը, քանի որ հնարավոր է՝ շատերը ցանկանան կարդալ այն: Սաղաթելյանը նաև տեղեկացրեց, որ կարդում է այն բոլոր գիտական հոդվածները, որոնք տարվա ընթացքում չի հասցրել ընթերցել:

Աղբյուր՝ tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ