Ուժեղ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը. Էդմոն Մարուքյան

02/09/2017

Մարդու իրավունքների և շահերի պաշտպանության մասնագետ Էդմոն Մարուքյանն անչափ մեծ նշանակություն է տալիս Արցախի՝ որպես ժողովրդավարության կղզյակի կայացմանը և գտնում, որ այդ նպատակին հասնելու համար անդադար աշխատանք է անհրաժեշտ։
«Այսօր՝ Արցախի Հանրապետության անկախության տոնին, հպարտանալու և մեր հերոսներին հիշելու օրն է, բայց նաև մեծ պատասխանատվության և անելիքների մասին մեկ անգամ ևս մտածելու օր»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։

«Ուժեղ Հայաստանին այլընտրանք չկա, քանի որ ուժեղ Հայաստանն է ԼՂՀ անվտանգության երաշխավորը։ Իսկ Արցախի ամենակարևոր խաղաթուղթը ժողովրդավարությունը, ազատությունները և մարդու իրավունքներն են։ Սրանք են ԼՂՀ այցեքարտերը և չճանաչված մյուս երկրներից տարբերությունը։ Հետևապես միշտ պետք է մտածել՝ ինչպես անել, որ Արցախը դառնա առավել ժողովրդավար երկիր՝ ժողովրավարության կղզյակ, ուր ամենաբարձր արժեքը կլինի մարդը»,- նշեց պատգամավորը։
էդմոն Մարուքյանի համոզմամբ, ժողովրդավարության սերմերն Արցախում առկա են դեռևս 1980-կաններից, այլ բան է, որ դրանք աճցնելու ուղղությամբ պետք է ամենօրյա աշխատանքներ տանել։

«Այսօր հենց այդ օրն է՝ խոսելու ժողովրդավարության անընդհատ զարգացման մասին»,- ամփոփեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշվում է Արցախի Հանրապետության 26-ամյակը։ Ճիշտ 26 տարի առաջ արցախցիներն ընդունեցին պատմական որոշում սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, ազատ, անկախ, ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետություն կառուցելու մասին:

Աղբյուր՝ panorama.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ