Սփյուռքի նախարարությունը «Ելք»-ին համաժողովին չի հրավիրել, մեր հայտարարությունից հետո հրավիրելը խայտառակություն էր. Էդմոն Մարուքյան

22/09/2017

«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին մասնակցելու համար «Ելք»-ին հրավեր չի եղել: Երբ հայտարարվել է, որ հրավեր չի ուղարկվել, Սփյուռքի նախարարությունը հեռախոսազանգով է հրավիրել: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Վերջինս հայտնել էր, որ «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովին «Ելք»-ին մասնակցության հրավեր չէին արել, ինչից հետո Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Էվելինա Բաղդասարյանն ասել էր, որ հրավեր եղել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին:

Էդմոն Մարուքյանը, սակայն, ասաց, որ իր հայտարարությունից հետո միայն Սփյուռքի նախարարությունն իրենց ասել է, որ տեխնիկական պատճառներով հրավերը չի հասել, բայց «այ հիմա հրավիրում ենք»:

«Սա նման է նրան, որ մեկը պատահաբար մի ռեստորան գնա ու տեսնի, որ իր ընկերներից մեկն այդ նույն ռեստորանում ծնունդն է նշում, բայց իրեն չի հրավիրել: Ընկերներն էլ տեսնեն նրան, ասեն՝ վայ, արի, մենք էլ քեզ էինք զանգում, որ ասենք գաս, չէինք գտնում, ինչ լավ ա, որ եկար, արի նստիր մեզ հետ: Նման հրավերը՝ խայտառակություն է»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը պնդեց, որ «Ելք» դաշինքին հրավեր չի արվել, իսկ համաժողովի մեկնարկից ու իրենց հայտարարությունից հետո արված հրավերը ոչ այլ ինչ էր, քան՝ խայտառակություն:

«Մենք Սփյուռքի նախարարությանը հարց տվեցինք՝ բա ինչպե՞ս եղավ, որ ՀՀԿ-ից այդքան մարդ եք հրավիրվել: Իրենք ասացին, որ հրավիրել են նաև ՀՀԿ գործադիր մարմնին: Այսինքն՝ երկրում մի կուսակցություն կա, որը բոլորի նկատմամբ առավելություններ ունի: Նրանց բոլորին են հրավիրել, իսկ ընդդիմադիրների միայն ֆրակցիաների ղեկավարներին, այն էլ՝ հրավերն իբրև ուղարկվել է, բայց տեղ չի հասել, զանգել են, զանգելով են հրավիրել: Իսկ մենք անկոչ հյուր չենք, որ գնանք»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը նշեց, որ հեռախոսազանգով արված հրավերից հետո էլ «Ելք»-ին ելույթ ունենալու ու իրենց տեսակետը ներկայացնելու հնարավորություն չի տրվել:
Տիգրանուհի Մարտիրոսյան

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ