Վանաձորի ավագանին պետք է լուծարվի. Էդմոն Մարուքյան

10/11/2017

ՀՀ սահմանադրական դատարանն ամբողջությամբ բավարարել է ԱԺ պատգամավորների հայտում ներկայացված պահանջը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ՍԴ որոշման մեջ արտահայտված բավական կարևոր դիրքորոշումներ կան: Պատգամավորը նշեց, որ իրենց գործողությունները կպլանավորեն վերջնական որոշումը ստանալուց հետո միայն:
«Ըստ էության՝ Վանաձոր քաղաքի ավագանին պետք է լուծարվի: Լուծարվելու դեպքում Վանաձորում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Այսինքն՝ քաղաքական լուծումն առաջինը կարող է լինել սա, երկրորդը՝ մանդատագողությամբ ընտրված փոքրամասնության քաղաքապետը հրաժարական տա, բայց այստեղ էլ հարց է առաջանում, թե ավագանին որքանով է լեգիտիմ, քանի որ նա մեկ տարի չի գործում, անգործության ժամկետն անցել է»,- ասաց նա:
Ըստ Մարուքյանի՝ սա ուղերձ է, որ Վանաձորի ավագանին այլևս նիստեր պիտի չգումարի, և ցանկացած գումարված նիստի որոշում լինելու է ոչ իրավազոր: Պատգամավորի խոսքով՝ սա նաև քաղաքական մեծամասնությանն է ուղերձ, որ «զոռբայությամբ» և նման մեթոդներով Հայաստանում չենք կարող ժողովրդավարություն կայացնել, ուստի պետք չէ հետո ՏԻՄ հերթական ընտրություններին զարմանալ, որ չկան թեկնածուներ:
«Սա կարող է լինել նաև նոր ճգնաժամի սկիզբ: Եթե ավագանին չլուծարվի, նիստեր գումարել չկարողանա, 18 հոգին շարունակի բոյկոտել, սա նոր ճգնաժամի սկիզբ կլինի»,- ասաց նա: Ըստ Մարուքյանի՝ գնդակը հիմա իշխանության դաշտում է, և իշխանությունը պետք է որոշում կայացնի՝ հարգու՞մ է ՍԴ որոշումը, թե՞ ոչ:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ 2018 թ. մարտի 31-ն իբրև վերջնաժամկետ ընտրելը պայմանավորված է իրավական անվտանգության սկզբունքն ապահովելու անհրաժեշտությամբ: «Պետք է հաշվի առնել, որ այս սկզբունքի կիրառումը բացասական առումով ազդում է արդարության սկզբունքի վրա, և քաղաքական մեծամասնությունը պետք է դրանից հետևություններ կատարի, նաև ժողովուրդը: Որպես քաղաքական փաստաթուղթ՝ մենք այն կուսումնասիրենք, հետևություններ կանենք և կպլանավորենք մեր գործություններն առաջիկայում»,- ասաց նա: Զեյնալյանի համոզմամբ՝ ՍԴ որոշումը պատգամ էր օրենսդիր մարшմնին, քաղաքական մեծամասնությանը, որը չի կարող շեղվել այս հանձնարարականից և պետք է համապատասխան փոփոխություններ կատարի ՏԻ մասին օրենքում:
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր հակասահմանադրական ճանաչեց Վանաձորի ավագանու՝ քվորումի բացակայության պայմաններում ընդունված որոշումները:

Աղբյուր` Panorama.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ