Այսօրվա միակ դրական արձագանքը պատգամավոր Սարոյանի հայտարարությունն էր. Էդմոն Մարուքյան

21/12/2017

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանում այսօր վերջին նիստում քվեարկությունից առաջ ընդմիջումներ վերցնելուն, նշեց, որ դրա նպատակը օրինականության պահանջի կատարումն էր և ցույց տալը, որ ապօրինություն է եղել:

«Մենք երեկ օրենքի կոպիտ խախտում ենք հայտնաբերել և շատ նորմալ իրավական պահանջ ենք ներկայացրել, պահանջել ենք հարցը կրկին դնել քվեարկության, քանի որ կա խախտում: Սակայն ՀՀԿ-ն այն տրամաբանության մեջ, որ ինչ կուզենանք` կանենք,ասում է` ոչ։ Մենք օգտվել ենք ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ ընձեռված հնարավորությունից և մեր քաղաքական մոտեցումն ենք ներկայացրել համապատասխան քաղաքական գործողություններ իրականացնելու արդյունքում»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր իրականացրել են իրենց ձեռքի տակ եղած հնարավորությունը: «Մենք ուրիշ հնարավորություն չունենք։ Ըստ էության, խորհրդարանական երկիր ասելով ռեալ որևէ մեխանիզմ, լծակ ընդդիմությունը չունի, եղած մեխանիզմը քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելն է, որը մենք արդյունավետ կերպով կիրառեցինք: Բնականաբար, դա լարվածություն մտցրեց»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որ խորհրդարանը վերադառնա իրավունքի գերակայության, օրինականության սկզբունքների կատարմանը:

«Եթե խոսք է գնում խորհրդարանական կառավարման համակարգի մասին, ապա մենք պետք է գնանք ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների ճանապարհով և խորհրդարանական փոքրամասնությանը ռեալ լծակներ տալով, այլապես երկիրը կդառնա վարչապետական, և այդ ճանապարհով է հիմա գնում: Մենք հետևելու ենք օրինականության պահպանմանը, յուրաքանչյուր դեպքում, եթե օրինականությունը խախտվի, մենք մեր գործողությունները կձեռնարկենք»,-ասաց նա:

Ինչ վերաբերում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի` նիստի վերջում հնչեցրած հայտարարությանը, ապա Էդմոն Մարուքյանն ասաց. «Մենք որևէ մեկի հետ շուն ու կատու չենք, այսօրվա միակ դրական արձագանքը պատգամավոր Սարոյանի հայտարարությունն էր, մյուսներինը բացասական էր: Անձնական որևէ խնդիր չկա, ոչ մի գրամ թշնամություն չկա մեր մեջ, կա քաղաքական պայքար»:

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ