Ամենալուսավոր ընտրատարածքը

07/05/2012

Հայաստանի խորհրդարանի ընտրության ամենալուսավոր, կամ գուցե միակ լուսավոր կետը Վանաձորն է, թիվ 30 ընտրատարածքը, որտեղ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով ընտրությանը հաղթել է անկուսակցական փաստաբան, «Պոպուլեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հաղթել է ՀՀԿ-ական թեկնածու Վիկտոր Դալլաքյանին:

Մեծամասնական ընտրատարածքի այդ հաղթանակը իսկապես նշանակալից է: Նշանակալից է ոչ միայն եզակիության իմաստով, երբ ՀՀԿ թեկնածուն պարտվում է, այլ նաեւ ընտրողների վարքագծի: Փաստորեն, վանաձորցի ընտրողը տուրք չի տվել իշխանության կիրառած ավանդական ընտրատեխնոլոգիաներին եւ քվեարկել է իսկապես քաղաքացիական գիտակցությամբ:

Ընդ որում, դրա վկայությունն է նաեւ այն, որ երբ Վիկտոր Դալլաքյանը աչքի էր ընկնում քաղաքական դաշտում իր քաղաքացիական կեցվածքով, նա այդ ընտրատարածքում հաղթում էր իշխանական թեկնածուներին, որքան էլ որ նրանք փորձում էին փողով եւ այլ մեթոդներով հաղթել ընտրությունը:

Ներկայում, ՀՀԿ անդամ դարձած Վիկտոր Դալլաքյանը, ով տարիներ առաջ հանրությանը բացահայտում էր Սերժ Սարգսյանի «խաղատնային» գործունեության նրբությունները, պարտվում է այն ընտրատարածքում, որտեղ միշտ հաղթում էր: Եվ այդպիսով, փաստացի պարզ է դառնում, որ թիվ 30-ում միշտ հաղթել եւ հաղթում է ընտրողը, իրավագիտակից, քաղաքացի ընտրողը: Եվ ընտրատարածքը, մայիսի 6-ին իր արձանագրած արդյունքով, նաեւ այդ իմաստով է դառնում նշանակալից, լուսավոր:

Իսկ Վիկտոր Դալլաքյանը հավանաբար պատգամավոր կդառնա ՀՀԿ համամասնական ցուցակով, այլապես կստացվի, որ բացարձակապես իզուր էին նրա գրոհները ԲՀԿ հանդեպ, որի համար Դալլաքյանը նույնիսկ ստիպված եղավ վճարել Վարդան Բոստանջյանի հետ անձնական եւ ընտանեկան մտերմությամբ: Դալլաքյանն իսկապես թանկ է վճարել, եւ ՀՀԿ-ն թերեւս այդքան անմարդկային չի գտնվի նրա հանդեպ, առավել եւս, որ Դալլաքյանը դեռ նոր է «զորակոչվել» ՀՀԿ եւ գուցե դեռ «երդում» էլ չի ընդունել:

Աղբյուրը` http://www.lragir.am

Բաժին: Մամուլ