Առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական է. Էդմոն Մարուքյան

08/02/2018

Ազգային ժողովում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե առաջին փոխվարչապետի պաշտոն Սահմանադրությունը չի նախատեսում, մինչդեռ այս օրենքով նման պաշտոն է սահմանվում:

Արդարադատության փոխնախարար, հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանի պարզաբանմամբ` Սահմանադրության որևէ խախտում չկա, և սրանով միայն առանձնացվում են փոխվարչապետի լիազորությունների շրջանակները:

«Այսինքն՝ օրենքով փոխվարչապետերից մեկին է տրվում լիազորությունները, օրինակ` վարչապետի բացակայության դեպքում, ոչ թե ասվում է, թե առաջին փոխվարչապետը մյուսից գերակա դիրք ունի»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ սա նույնն է, թե սահմանվի օրենքով, որ պատգամավորի տեղակալը նրա բացակայության ժամանակ ընդունում է քաղաքացիներին, օրենքներ է գրում: «Մենք նման բան չունենք օրենքով, չունենք նման պաշտոն, դա հակասահմանադրական է»,-նշեց նա:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ն անցում է կատարել խորհրդարանական կառավարման համակարգի, «հետևաբար պառլամենտի առաջ որևէ փակ դուռ չպետք է լինի»:

«Ի՞նչ է նշանակում կառավարության առընթեր մարմնում ԱԺ-ն չպետք է ունենա ներգրավվածություն։ Մենք մոռանում ենք, որ ԱԺ-ն պատերազմ և խաղաղություն հայտարարող մարմին է», – նշեց Պետրոսյանը։

Պատգամավորը նաև չհամաձայնեց Հրայր Թովմասյանի այն պնդման հետ, որ նոր Սահմանադրությունն արդեն իսկ արգելում է ԱԺ նախագահին իբրև պատգամավոր զբաղեցնել իր կարգավիճակի հետ չպայմանավորված պաշտոն։

«Հակառակը՝ սա ճիշտ իր կարգավիճակով է պայմանավորված։ ԱԺ պատգամավորը, եթե պաշտպանության բնագավառը կարգավորող օրենսդրությանն է մասնակցում, նա իրավունք ունի նաև մասնակից լինել պաշտպանության քաղաքականություն մշակող պատասխանատու մարմնի գործառույթներին», – նշեց պատգամավորը։

Նելլի Լազարյան

tert.am

Բաժին: featured, Մամուլ