Բնականաբար, ՀՀԿ-ը պետք է քննադատի, որովհետև իմ մատնանշած ճանապարհը ՀՀԿ- ի վերջի սկիզբն է. Էդմոն Մարուքյան

04/04/2018

Բնականաբար, ՀՀԿ-ը չպետք է համաձայնվեր իմ կողմից ներկայացված առաջարկներին, որովհետև իրենք պառլամենտական երկրի տեսլական չունեն և չեն ունեցել:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով «Առավոտ» օրաթերթում հրապարակած իր հոդվածին հաջորդած ՀՀԿ-ական պատգամավորների կոշտ գնահատականներին:

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հոդվածում ներկայացրել էր առաջարկներ, ըստ որոնց՝ իրենք պետք է ստանձնեն իշխանությանը վերահսկելու և վերջինիս անսահմանափակ լիազորություններն սահմանափակելու գործառույթը, ինչի համար իշխանությունը պետք է «ԵԼՔ»-ին զիջի մի շարք պաշտոններ:

ՀՀԿ-ական պատգամավորներն էլ իրենց հերթին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել էին Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ նշելով, թե հավելյալ պահանջներով հանդես գալն առնվազն անտրամաբանական է, փորձ է սահմանադրական հեղաշրջման, կամ անձնական պաշտոն ստանալու պահանջ է դրվում:

«Անկախ մարմինները ազատ, ոչ ՀՀԿ-ի կողմից վերահսկվող մարդկանց զիջելը կբերի ՀՀԿ-ի իշխանության ավարտին, սա համակարգային գործ է»,- ասաց նա:

«Բնականաբար, հոդվածը մեկ օրվա համար չէ, այն վերլուծվել, տպագրվել և ներկայացվել է, այն երկարատև քաղաքական օրակարգ է, և ես չեմ բացառում, որ տարիներ անց, եթե ոչ հիմա, հայկական քաղաքական ուժը, քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներ կգան դրան: Դա մեկ օրվա բան չէ, այսրոպեական քննարկման հարց չէ, և, բնականաբար, ՀՀԿ-ը պետք է դա քննադատի, որովհետև եթե չքննադատի, ասի «վա՜յ, շատ լավ բան են ասում», ուրեմն այն, ինչ ես թվարկել եմ այդ հոդվածում, այդ բոլոր վերահսկողական անկախ մարմինները կամ նվազագույնն այդ մարմիններում տեղեր հատկացնելը, պետք է զիջեն ՀՀ-ում ընդդիմադիր ուժերի կողմից նշանակվելուն և քաղհասարակության լայն շերտերի նշանակվելուն»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե ՀՀԿ պատգամավորները մեղադրում են նրան, թե անձնական պաշտոնների կռիվ է տալիս, Մարուքյանը նշեց, թե հարցը ոչ թե այդ պաշտոններն իրենց տալն է, այլ զիջելը:

«Իհարկե, չկա նման բան, աբսուրդ մեկնաբանություն է, և, բնականաբար, խեղաթյուրումների փորձեր կար, բայց հոդվածը շատ մանրամասն ներկայացվել է, հոդվածի ամեն բառը մտածված է, այնպես որ որևէ նման խեղաթյուրում, մեկնաբանում չի կարող վնասել դրան»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե տարօրինակ չի համարում արդյոք այն, որ «Ելքի» կողմից ընտրված պայքարի ձևերից հենց իր առաջարկած մեթոդներին ՀՀԿ-ը վատ արձագանքեց, Մարուքյանը պատասխանեց.

«Որովհետև ՀՀԿ-ակաները հասկանում են՝ վտանգը մեծ հաշվով ինչի մեջ է, և գիտակցում են, որ իմ մատնանշած ճանապարհը իրենց վերջի սկիզբն է»:

tert.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ