«ՀՀԿ-ն հրաշալի ընդդիմություն կլինի, ավելին՝ արդեն իսկ կա». Էդմոն Մարուքյան

01/05/2018

Կոչ եմ անում քվեարկել հանուն կայունության, հանուն այս ճգնաժամի լուծման, հանուն մեր պետության հետագա զարգացման, հանուն այսօրվա քաղաքացիական զարթոնքի կապիտալիզացիայի. խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա հույս հայտնեց, որ այսօր իր գործընկները կանեն այս քայլը:

«Այսօրվա քվեարկությունը շատ կարևոր է, մենք իրավունք չունենք այս կուտակված հույսերը թողնել և ևս 7 օր ունենալ նույն իրավիճակը: Սա պետք է ավարտվի և պետք է ավարտվի` Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելով»,- ասաց Մարուքյանը:

Նա միևնույն ժամանակ նշեց, որ ՀՀԿ-ն հրաշալի ընդդիմություն կլինի, ավելին՝ արդեն իսկ կա: «Երեկվա հարցուպատասխանը դրա վառ վկայությունն էր: Շատ պատրաստված ու պրոֆեսիոնալ էին: Նախանձելի ընդդիմություն է»,- ասաց Մարուքյանը:

yerkirmedia.am

Բաժին: featured, Մամուլ