Ադրբեջանի առաջխաղացումը կդառնա աղետ ոչ միայն մեր, այլ նաև ողջ Հարավային Կովկասի համար. Մարուքյանը՝ ԵԽԽՎ–ում

28/06/2018

Մեր հարևան Ադրբեջանը, որը մղոններով հեռու է Հայաստանից իր ժողովրդավարության ցուցանիշներով, լարել է իրավիճակը սահմանին՝ ապրիլի 12-ից կուտակելով այնտեղ զինված ուժեր։

Այս մասին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

ԱԺ պատգամավորի ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Նախորդ նստաշրջանին ես գտնվում էի այստեղ և անհանգստացած Հայաստանում տիրող իրավիճակով՝ պատմում էի բոլորիդ իմ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին ու հայցում ձեր աջակցությունը՝ ազատելու համար ընդդիմադիր գործընկերներիս և քաղաքացիական ակտիվիստներին, ովքեր ձերբակալված և կալանավորված էին։

Ինչպես արդեն գիտեք, ամեն բան կարգավորվեց հարթ ու խաղաղ ճանապարհով։ Ոչ բռնի, խաղաղ, թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ Հայաստանում, որն ավարտվեց վարչապետի պաշտոնում հեղափոխության առաջնորդի ընտրությամբ։ Այժմ քաղաքական ուժերն աշխատում են նոր ընտրական օրենսգրքի վրա, որի ընդունումից հետո ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ կկազմակերպվեն։ Նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով ճգնաժամը մեր երկրում կլուծվի և կկարգավորվի։

Այս իրադարձությունները գալիս են ապացուցելու, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է և իր քաղաքացիական հասարակության կարևոր ինստիտուտների միջոցով դուրս կգա ճգնաժամից խաղաղ, առանց բռնությունների և պատահարների։ Մենք հավատացած ենք, որ Եվրոպայի խորհուրդը կունենա լուրջ ներդրում Հայաստանում լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման գործում։

Այժմ ես մտահոգված եմ այլ հարցով, քանի որ մեր հարևան Ադրբեջանը, որը մղոններով հեռու է Հայաստանից իր ժողովրդավարության ցուցանիշներով, լարել է իրավիճակը սահմանին՝ ապրիլի 12-ից կուտակելով այնտեղ զինված ուժեր։

Սկսած ապրիլի 12-ից՝ լարումն աճում է, ավելին՝ ամեն օր այնտեղ ավելացվում են տարատեսակ զինատեսակներ, այդ թվում՝ զրահամեքենաներ և հրետանի անմիջապես Ադրբեջանի և Արցախի միջև սահմանագծին։ Մարդկային ուժի և տեխնիկայի կուտակումն աննախադեպ է և ունի մեկ պարզ տրամաբանություն՝ լայնամասշտաբ ռազմական օպերացիաներ՝ ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության և ինքնիշխանության։ Արցախի բանակն արդեն իսկ կասեցրել է մի քանի լուրջ դիվերսիոն փորձեր Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանի բանակը ծախսում է հսկայական միջոցներ՝ իր բանակի նախապատերազմական ուսուցման վրա։

Այժմ ես դիմում եմ Եվրոպայի խորհրդին և միջազգային հանրությանը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ կանխելու Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը, որը կդառնա հումանիտար աղետ ոչ միայն մեր, այլ նաև ողջ Հարավային Կովկասի համար։

Ադրբեջանի հարձակումը հայկական խաղաղ բնակավայրերի վրա 2 տարի առաջ ունեցավ ողբերգական հետևանքներ՝ թողնելով հարյուրավոր զոհեր երկու կողմերում․ ինչևէ, Ադրբեջանի նման պահվածքը պատշաճ միջազգային արձագանքի և պատժի չարժանացավ միջազգային հանրության կողմից, ինչն ստեղծեց անպատժելիության նախադեպ։ Ինչպես միշտ, չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություններ, բայց մենք այստեղ ենք կանխելու համար նոր և ավելի մեծ հանցագործությունը»։

1in.am

Բաժին: featured, ԵԽԽՎ (PACE), Մամուլ