Արագածոտնի մարզպետի կողմից ՌԴ դրոշը տրորելու վերաբերյալ

13/05/2019

Օրեր առաջ մամուլում նյութեր տարածվեցին, որ Արագածոտնի մարզպետը ժամանակին մասնակցել է մի ակցիայի, որտեղ փորձել են այրել ՌԴ դրոշը, բայց ոստիկանները թույլ չեն տվել անել դա, որից հետո մեր այսօրվա մարզպետը տրորել է ՌԴ դրոշը: Կարծում եմ՝ կարող են լինել քաղաքացիներ, ովքեր ունեն դիրքորոշում որևէ երկրի դեմ և դա արտահայտում են այդ երկրի դրոշն այրելով կամ տրորելով, բայց որևէ կերպ չեմ կարող հասկանալ թե այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է Հայաստանում բարձրաստիճան պաշտոն ստանալ, այն է՝ մարզպետի կարգավիճակ, այն դեպքում, որ իշխանություններն աշխատում են, որ ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերություններ ունենանք: Այսինքն մի կողմից սպասում ենք ՌԴ-ից մատակարարվող Սու 30-ՍՄ-ներին և հայտարարում, որ մենք ռազմավարական գործընկերներ ենք, բանակցում ենք, որ ՀՀ վարորդական իրավունքը հավաստող փաստաթուղթը ճանաչվի ՌԴ-ում, ինչն այդպես էլ չի ստացվում, ու մյուս կողմից նման մարդուն բարձր պաշտոն ենք տալիս: Հետաքրքիր է, այդ պաշտոնին նշանակելիս ՀՀ կառավարությունն իմացե՞լ է Արագածոտնի մարզպետի քաղաքական հայացքների մասին և ինչպե՞ս են պատկերացնում համատեղել ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերության ձգտումն ու նման մարզպետ ունենալը: Հարցադրումս հռետորական չէ. ակնկալում եմ գործընկերներիս` Լիլիթ Մակունցի պատասխանը:

Բաժին: featured