Օրը մի բան են ասում ու դրանով լեզու են դնում թե՛ Հրայր Թովմասյանի, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ մյուսների բերանը

23/07/2019

Մեր զրուցակիցն է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Պարոն Մարուքյան, նոր եք վերադարձել ԱՄՆ-ից: Մշտապես խոսվում է այն մասին, թե ինչ է առաջարկում Հայաստանը ԱՄՆ-ին: Ի՞նչ առաջարկեցիք։

Սա շատ կարևոր հարց է և միշտ կանգնած է եղել իշխանությունների առջև, թե ինչ ենք մենք առաջարկում ԱՄՆ-ին։ Իրականում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև չօգտագործված մեծ ներուժ կա, որը մենք միանշանակ կարող ենք օգտագործել։ Ես միայն Սփյուռքը նկատի չունեմ, թեև Սփյուռքի ներուժը ևս չի օգտագործվում։ Ես կարծում եմ՝ Հայաստանը ԱՄՆ-ին կարող է առաջարկել լինել լավ գործընկեր Հարավային Կովկասում և այս առումով նաև միջազգային կառույցներում ԱՄՆ-ի հետ համագործակցաբար պայքարել ժողովրդավարությանը նետված մարտահրավերների դեմ՝ որպես Հայաստանը Հարավային Կովկասում ժողովրդավարություն կրող կարևոր երկիր։ Հայաստանի աշխարհագրական դիրքն ամեն առումով կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք իրապես կարող ենք մեր դիրքով, նաև մեր ժողովրդավարությամբ լինել այն կարևոր օղակը Հարավային Կովկասում, որը ԱՄՆ-ն, ըստ էության, չունի։ Բնականաբար, հարց կառաջանա՝ բա Վրաստա՞նը, որը ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, կամ այդպես են ասում վրացիները, բայց եկեք հասկանանք, որ Վրաստանն, այո, կարևոր երկիր է, բայց միաժամանակ մեծ կոնֆլիկտների մեջ է Ռուսաստանի հետ, դրան գումարած Իրանի հետ սահմանակից չէ։ Իսկ Հայաստանը Իրանին սահմանակից երկիր է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, այս երկիրը ևս կարևոր է տարածաշրջանում, բայց եթե համեմատենք Հայաստանի հետ, այնտեղ ժողովրդավարական մեծ բաց կա, և Ադրբեջանը բռնապետական ռեժիմ ունեցող երկիր է։

Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմը 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար Հայաստանին։ Ինչի՞ մասին է սա խոսում։

Այո, Թրամփի վարչակազմը Ադրբեջանին 100 մլն դոլար է հատկացնելու։ Այնտեղ գիտեք, որ 907 բանաձևի խնդիրը կա, բայց այդ բանաձևը բացառություն ունի։ Ըստ այդ բացառության՝ նրանք կարող են այդ գումարը տալ, եթե Իրանի հետ սահմանի ամրացման հարց կա։ Ադրբեջանն օգտվում է այդ հանգամանքից։ Հայաստանն, ըստ էության, էլի Իրանի հետ սահմանակից երկիր է, բայց չի կարողանում այդ հանգամանքն օգտագործել, որի համար բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կարող են լինել։ Ես կարծում եմ՝ սա իմ նշած հայ-ամերիկյան հարաբերությունների ներուժը չօգտագործելու արդյունք է։ Եթե մենք այդ ներուժն օգտագործենք, ըստ էության, մեզ 7 մլն դոլար չեն տա։ Ավելին ասեմ, ոչ թե 7 մլն դոլար է, այլ 40 մլն, որի մի փուլը հաստատված է, դեռ հաստատման փուլում է։

Բազմիցս նախկին իշխանություններին մեղադրել են հայ-ամերիկյան օրակարգ չունենալու, ԱՄՆ-ի համար հետաքրքիր չլինելու մեջ։ Այսօրվա իշխանությունն ի՞նչ է անում հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և նոր մակարդակի դնելու ուղղությամբ։ Եվ արդյոք բավարար են այդ քայլերը:

Այսօրվա իշխանությունների՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի կամ առաջարկների վերաբերյալ ես չեմ կարող որևէ բան ասել, որովհետև ես չգիտեմ, թե իրենց հանդիպումների ժամանակ ինչ են քննարկում։ Ես ունեմ իմ տեսլականը, որ մենք իրապես կարող ենք լինել ԱՄՆ-ի կարևոր գործընկերը Հարավային Կովկասում։ Ես հույս ունեմ, որ մեր նոր դեսպանը Վաշինգտոնում և նոր իշխանությունը ամեն ինչ կանի, որ հայ-ամերիկյան հարաբերությունների չօգտագործված ներուժը օգտագործվի։ Տվյալ պարագայում ես որպես խորհրդարանական դիվանագիտության մեջ ներգրավված մարդ, ամեն ինչ անում եմ, որ Հայաստանում ավելի շատ Ամերիկա ունենանք։ Այն օրակարգը, որը ես եմ առաջ մղում, որը «Լուսավոր Հայաստանի» օրակարգն է, կոչվում է հետևյալ կերպ՝ «ավելի շատ Ամերիկա Հայաստանում»։ Մենք ամեն ինչ արել ենք մեր հանդիպումներում, հիմա էլ Վաշինգտոնում, որ լոբբինգ անենք, որ ԱՄՆ-ը ամեն կերպ ներգրավվի ու մասնակցի Հայաստանում ընթացող բարեփոխումներին։ Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ խոսել եմ սրա մասին և ասել եմ, որ այն բացը, որ կա, դուք կարող եք լրացնել և ավելի շատ Ամերիկա ունենալ Հայաստանում, քան կար նախկինում։ Միացյալ Նահանգները կարևոր գործընկեր է և մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախացումից ի վեր թե մարդասիրական օգնության, թե տնտեսության մեջ, թե բարեփոխումների առումով։ Համագործակցությունը պետք է շարունակել և ավելի բարձր մակարդակի հասցնել։

Պյոտր Սվիտալսկին խոսել է դատաիրավական բարեփոխումների համար ԵՄ-ի կողմից բազմամիլիոնանոց աջակցության մասին: Ինչպե՞ս եք գնահատում և ինչպե՞ս կարող է Հայաստանը դատաիրավական բարեփոխումների հասնել:

Դատաիրավական բարեփոխումների հետ կապված ես գտնում եմ, որ եթե ՀՀ իշխանությունն ունենա այդ բարեփոխումների տեսլականը, Հայաստանի բոլոր միջազգային գործընկերներն էլ կաջակցեն։ Դրան պետք չի միայն փողով նայել, այդ աջակցությունը կլինի ամեն կերպ։ Մնում է ունենալ օրակարգ։ Չպետք է մի օր ասել վեթինգ, հաջորդ օրն ասել՝ չենք անելու։ Մի օր ասել՝ անցումային արդարադատություն, հաջորդ օրն ասել՝ չենք անելու։ Մի օր ասել՝ Սահմանադրությունը պետք է փոխել, հետո ասել՝ չենք փոխելու։ Մեզ կայունություն է պետք նաև տեսլականի ու անելիքների իմաստով, որը կբերի համագործակցության և հարաբերությունների զարգացման։

Հրայր Թովմասյանը հայտարարում է, որ դատական իշխանությունը չպետք է փոխվի, այլապես պետք է մոռանանք ժողովրդավարության մասին: Ինչպե՞ս եք սա գնահատում:

Խնդիրը միայն Հրայր Թովմասյանին փոխելը կամ նրա հայտարարության հարցը չէ։ Հրայր Թովմասյանը հենվում է ժողովրդավարության հայտնի սկզբունքների վրա և փորձում է այն մեղադրանքներից պաշտպանվել, որոնք իրեն են ուղղված։ Իսկ այդ մեղադրանքները ողջամիտ են՝ կապված Սահմանադրությունը գրելու և այդ մեխանիզմներն օգտագործելու հետ՝ ապագայում ՍԴ-ի վրա հանրապետականների ազդեցության իմաստով։ Այդտեղ ողջամիտ կասկածներ կան ընդդեմ Հրայր Թովմասյանի, և նա փորձում է վկայակոչել ժողովրդավարության, իրավունքի գերակայության հայտնի սկզբունքները, որ դատական իշխանության անկախությունը, այո, չի ենթադրում ամեն իշխանափոխությունից հետո փոփոխություն։ Եվ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում ՀՀԿ-ի օրոք, Սահմանադրության ձևախեղման և համակարգերն ապականելու առումով, պետք է կարողանանք այդ սկզբունքը պաշտպանելով գտնել ոսկե միջինը և խնդիրը լուծել։

Բնականաբար, ես կարծում եմ, որ որևէ դատարան չպետք է լինի որևէ իշխանության ընկերը։ Դա միանշանակ է։ Նախկինում դատարանները եղել են հանրապետականների ընկերը, և այսօր էլ դատարանները չպետք է լինեն իշխող ուժի ընկերը։ Դա ուղղակի անթույլատրելի է։ Հետևաբար, պետք է գտնել ոսկե միջինը, որ ոչ ունենանք ՀՀԿ-ի ընկեր դատարան, ոչ էլ այսօրվա իշխանության ընկեր դատարան։ Պետք է ունենանք անկախ դատարան, որը ոչ թե դատական համակարգ է, այլ դատական իշխանություն է, որը կաշկանդված չէ ոչ մեկով և ոչ մի բանով և որն իրականացնում է թե սահմանադրական արդարադատություն, թե արդարադատություն ընդհանրապես։ Սա է խնդիրը, և դրան հասնելու համար բոլորով պետք է աշխատենք և դրան միտված քայլեր անենք։

Դրա համար էի ասում, որ դատաիրավական բարեփոխումների տեսլական է պետք, օրը մի բան պետք չի ասել։ Այդ նույն Հրայր Թովմասյանը դուրս եկավ, որ մի քանի ամիս առաջ լավն էր, իշխանության կողքը կանգնած էր բոլոր տեղերում, իսկ հիմա վատն է։ Դա իշխանության անհետևողականության, անսկզբունքայնության արդյունք է, որ օրը մի բան են ասում։ Դա է պատճառը, որ շունը տիրոջը չի ճանաչում, չենք հասկանում, թե ինչ են ուզում և ինչի համար են ուզում։ Դրանով նաև լեզու են դնում թե Հրայր Թովմասյանի, թե հանրապետականների, թե մյուսների բերանը։ Դրա համար ենք մենք քննադատում, որ չի կարելի այսպես շարունակել։

Աղբյուրը՝ Lragir.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ