Մենք այնտեղ էինք, որտեղ էինք

28/09/2019
Մենք այնտեղ ենք, որտեղ էինք

Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում դիրքավորված «Լուսավոր Հայաստանը», ըստ վերլուծաբանների, վերջին շրջանում սկսել է տրանսֆորմացվել` լույսի արագությամբ դառնալով խիստ իշխանամետ։ Վերլուծաբան Աղասի Ենոքյանն անգամ ասել էր, որ «Լուսավոր Հայաստանը» դարձավ լուսահոգի։
ԼՀԿ-ին վերագրվող այս փոփոխությունների վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։

– Պարոն Մարուքյան, Դուք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել էիք, որ «Ելքի» Ձեր նախկին գործընկերներին չքննադատելը մինչեւ ընտրություններն էին։ Հետո սկսեցիք քննադատել, եւ շատ ավելի իշխանամետ Արման Բաբաջանյանը, չկիսելով ձեր դիրքորոշումը, հեռացավ խմբակցությունից։ Բայց հիմա դուք ամբողջությամբ տեղափոխվել եք իշխանական դաշտ։

– Որեւէ բան չի փոխվել, մենք ոնց ընդդիմություն ենք, այդպես էլ ընդդիմություն կանք, մենք ոնց լավ հարաբերություններ չենք ունեցել հանրապետականների հետ, այդպես էլ չունենք։ Լավ հարաբերություն չենք ունեցել այսօրվա իշխանության հետ, ունեցել ենք լարված հարաբերություններ մեր քննադատությունների պատճառով, նաեւ այն հարցի կապակցությամբ, որ սուպերվարչապետական համակարգը չի կազմաքանդվում, էդ հարաբերությունները մնացել են նույնը։ Նաեւ այն, ինչ ասել ենք, մնացել է ուժի մեջ։ Ինչ վերաբերում է Արման Բաբաջանյանի դուրս գալուն, ապա ես չէի ասի, որ նա դուրս է եկել այն պատճառով, որ մենք ընդդիմություն ենք։

– Տարաձայնություններ չկայի՞ն մոտեցումներում, հատկապես վարչապետին քննադատելու առումով։

– Մենք շարունակում ենք վարչապետին քննադատել այն հարցերում, որոնցում գտնում ենք, որ սխալներ են թույլ տալիս․ ոչ մի բան չի փոխվել։ Ինչ վերաբերում է օրենքի նախագծին (ոստիկանության եւ ԱԱԾ ղեկավարներին քաղաքական դաշտից նշանակելուն), արդեն մի հազար անգամ երեւի ասել եմ, որ նախագիծը շրջանառության մեջ է եղել հունիս ամսից, բացասական եզրակացություն է ստացել կառավարությունում եւ հետո ընդունվել է խորհրդարանում առաջին ընթերցմամբ։ Թե ինչ է փոխվել այդ ընթացքում իշխանության մոտ, պետք է հարցնեք իշխանությանը, իսկ այդ օրենքի նախագիծը, որը կառավարության կառուցվածքի մասին է, մեր հավատամքն է, մենք միշտ ենք այդ մասին խոսում։ Մեզ մոտ բան չի փոխվել, իրենց մոտ է բան փոխվել, երբ կողմ են քվեարկել։

– ԼՀԿ տրանսֆորմացիայի մասին տպավորությունը միայն լրագրողների ու վերլուծաբանների մոտ չէ։ Նաեւ սոցցանցերի այն օգտատերերը, ովքեր պաշտպանում են իշխանություններին, Ձեզ սկսել են գովել։ Այսինքն՝ հասարակական ընկալումներում «Լուսավորը» հիմա իշխանամետ է։

– Կարծում եմ, որ պատճառը հանրապետականներն են, որոնց մենք ասում ենք՝ այ թալանչինե՛ր, այ կոռուպցիոներնե՛ր, եւ դա ինչ-որ մարդկանց դուր է գալիս կամ չի գալիս։ Դրա հետ կապված ի՞նչ կարող ենք անել․․․ հանրապետականներն էլ հարձակվել են մեզ վրա ե՛ւ նշված նախագծի, Սահմանադրական դատարան դիմելու, քվեարկելու հետ կապված։

– Հանրապետականներից, ի դեպ, Մարգարիտ Եսայանը, հիշելով Ձեր աշակերտ եղած ժամանակ Անդրանիկի մասին շարադրությունը, գրել էր այդ մասին, իսկ օրերս ասաց՝ Էդմոն, Անդրանիկը քեզ հետ կռիվ չէր գնա։

– Ես ո՜ւր․․․ Մարգարիտ Եսայանն ո՜ւր։ Ինչ վերաբերում է իմ շարադրությանը․ ես որ փոքր եմ եղել, Մարգարիտ Եսայանին լավ եմ վերաբերվել, մինչեւ այն պահը, որ դարձել է հանրապետական։ Եվ ի՜նչ։ Կամ՝ ինքը, առհասարակ, ի՞նչ կապ ունի Անդրանիկի հետ։ Կամ՝ ինքն Անդրանիկի արժեքներին ո՞նց է վերաբերվել, որ էսօր Անդրանիկից է խոսում․ իր կուսակցությունն Անդրանիկի պաշտպանած արժեքներն ամեն օր ոտնահարել է, պղծել է։ Էդ ժամանակ ինքը չի խոսել, հիմա հիշել է Անդրանիկին։

– Դուք նաեւ Արթուր Վանեցյանի մասին հայտարարություն արեցիք,  որ իր պաշտոնավարումից հետո բազմաթիվ մարդիկ հեռացել են երկրից, այսինքն՝ որ իր օրոք իրենց պաշտպանված չեն զգացել։ Սա եւս դիտվեց որպես իշխանության դաշտից խաղալու փորձ։

– Դա Ձեր մեկնաբանություններն են։ Այն, ինչ ասել եմ, շարունակվում է։

– Դավիթ Խաժակյանը քաղաքապետարանում հայտարարում է, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանի կոստյումին է հարմարվում։ Չե՞ք կարծում, որ ԱԺ ԼՀԿ ֆրակցիայի ու ավագանու միջեւ ներդաշնակություն չկա։ Իրենք քննադատում են քաղաքային իշխանություններին․․․

– Մեզ մոտ ամեն ինչ ներդաշնակ է, որովհետեւ մենք քննադատում ենք վարչապետին՝ իր կատարած սխալների համար, իրենք՝ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ իր սխալների։

Աղբյուրը՝ Hraparak.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ