Արցախի անկախությունը ճանաչելն իմաստ չունի, եթե այն չի ճանաչում Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը․ Էդմոն Մարուքյան

12/10/2020

365news.am-ի զրուցակիցն է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

– Պարոն Մարուքյան, Դուք է՞լ եք կարծում, որ Մինսկի խմբի ձևաչափը պետք է փոխվի կամ վերաիմաստավորվի։

– Մինսկի խմբի ձևաչափն ունիկալ ձևաչափ է, որի երկրորդ օրինակն այսօր գոյություն չունի։ Եվ մինչ օրս եղած փխրուն խաղաղությունը պահպանվել է Մինսկի խմբի գործունեության արդյունքում։ Մինսկի խմբի ֆորմատը որևէ ձևով չպետք է փոխվի։ Նաև կարծում եմ, որ Ադրբեջանի այն պահանջը, որ Թուրքիան էլ պետք է մասնակցի Մինսկի խմբի աշխատանքներին, անիրագործելի են, որովհետև համանախագահները դեմ կլինեն որևէ երկրի ներգրավմանը, հատկապես Թուրքիայի։

– Այսօր շատ են խոսում Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին։ Դուք էլ եք խոսել պատերազմի առաջին օրերին։

– Սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը նոր էր սկսվել, ես վարչապետին հարց տվեցի, եթե մենք այլևս բանակցելու բան չունենք, եթե Մինսկի խումբ չկա, որովհետև եթե պատերազմ է սկսվել, ուրեմն Մինսկի խումբը դառնում է երկրորդական մի բան, արդյո՞ք ժամանակը չէ, որ սկսենք քննարկումներն Արցախի անկախությունը ճանաչելու հետ կապված կամ ռազմաքաղաքական դաշինք կնքենք։

Վարչապետն ինձ ասաց, որ, այո, կարող ենք սկսել քննարկումները։ Եվ շուրջ տասնը քանի օր է՝ երկրում այդ քննարկումները կան։ Սակայն ես ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել այս հարցը՝ Արցախի ճանաչումը չպետք է լինի միայն Հայաստանի կողմից իրագործվող ակտ, մենք պետք է կարողանանք մեր միջազգային գործընկերների հետ այնքան աշխատանք տանել, որ Արցախի ճանաչման հարցը լինի մի քանի երկրների ճանաչում։ Ես կարծում եմ, որ եթե Արցախի ճանաչման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից գոնե մեկը մեզ հետ չէ, այդ ճանաչումը կլինի իմաստազուրկ, մի կրակոցով քայլ, որը մեզ կթողնի միայնակ։

Այսինքն, եթե ՀՀ-ն պիտի ճանաչի Արցախը ու մնա միայնակ, դա անիմաստ է։ Մեզ հետ պիտի ճանաչի մեկ այլ երկիր էլ, օրինակ, Ֆրանսիան կամ Ռուսաստանը, որն իր ուժով այդ ճանաչումը պահպանի։ Այլապես ճանաչումից անմիջապես հետո Մինսկի խումբը կվերանա, թշնամին ավելի մեծ ռազմական գործողություններ կսկսի, այդ դեպքում նաև ՀՀ տարածքի ուղղությամբ, և մենք լայնամասշտաբ պատերազմի մեջ կներքաշվենք ու կմնանք միայնակ։ Որովհետև Մինսկի խմբի համանախագահ երկրների մեր գործընկերներին վատ իրավիճակի մեջ կդնենք, եթե դա արվում է առանց նրանց համաձայնության։

– Պարոն Մարուքյան, ո՞ր երկրներն են, որոնց հետ աշխատելով՝ մենք իսկապես հնարավորություն ունենք ճանաչելի դարձնել Արցախի անկախությունը։

– Կարող է շատ լինեն, բայց ես կրկնում եմ, եթե այդ ճանաչման գործի մեջ ներդրում չունի համանախագահ երկրներից գոնե մեկը, անիմաստ է, որովհետև այդ ճանաչումը պետք է ուժ գործադրի Արցախի անվտանգությունն ապահովելու առումով։

– Արցախի նախագահը երեկ ասել է, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիան, Արցախի Հանրապետությունը կդիմի Հայաստանին իր անկախությունը ճանաչելու խնդրանքով։

– Ճիշտ է անում։ Ճիշտ է, որ Արցախից ու Հայաստանից լինեն նման կոչեր։ Բայց ես Ձեզ ասում եմ, թե որոշումը երբ պետք է կայացվի։ Այն, որ պիտի դիմեն մեզ, կքննարկենք, և այլն, այո, դա պետք է լինի անընդհատ։ Դա ուղերձ է, որն ուղղվում է դուրս։

– Պարոն Մարուքյան, Դուք տպավորություն չունե՞ք, որ այս տարածաշրջանն, այնուամենայնիվ, դուրս է եկել Ռուսաստանի վերահսկողությունից։

– Չեմ կարծում, բայց ակնհայտ է, որ աշխարհը փոխվում է ժամանակի ընթացքում, և այն երկրները, որոնք այստեղ ժամանակին ունեցել են անսահմանափակ ազդեցություն, օրինակ, Ռուսաստանը, միգուցե այդ ազդեցությունն այլևս անսահմանափակ չէ։ Նույն ձև էլ Միացյալ Նահանգների ազդեցությունն անսահմանափակ չէ։ Փոխվում է աշխարհը։ Դա էլ պետք է հաշվի առնել։ Բայց մի բան ակնհայտ է՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունից ուժեղ ազդեցություն որևէ այլ երկիր չունի։ Հետևաբար շատ կարևոր դերակատար է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը։

– Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հումանիտար հրադադարը չպահպանվեց։

– Հրադադարը չպահպանվելու բազմաթիվ մեկնաբանություններ կան, մեկն այն է, որ Ալիևը համ փորձում է սեղանի շուրջ նստել, համ էլ պատերազմ վարել։ Դա թուրքական դիվանագիտության օրինակ է։ Երկրորդն այն է, որ Ալիևը խնդիր է ունեցել Թուրքիայի կողմից առ այն, որ առանց Թուրքիայի համաձայնության Ռուսաստանի առաջարկին է տրվել ու գնացել է, հրադադարի թուղթ է ստորագրել։ Այլ տարբերակ էլ կարող է լինել։ Օրինակ այն, որ քանի որ Ադրբեջանի կողմից կռվում են տեռորիստներ, Ադրբեջանը վերահսկողություն չունի իր կողմից կռվող տեռորիստների նկատմամբ, հետևաբար դրանք հնարավոր է ընդհանրապես չեն լսում Ադրբեջանին։

Իզուր չէ, որ Մեծ Բրիտանիայի և Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանատները հայտարարություններ են արել, որ Ադրբեջանն անվտանգ չէ, և հնարավոր են ահաբեկչական ակտեր։ Այսինքն՝ միջազգային հանրությունը բարձր մակարդակով արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից կռվում են Սիրիայից ու Լիբիայից ժամանած ահաբեկիչներ, և նրանք, մարտի դաշտից վերդառնալով Ադրբեջանի խաղաղ քաղաքներ, հնարավոր է՝ ահաբեկչական ակտեր կանեն։ Եվ հետևաբար Ադրբեջանն այս խարանի տակից այլևս չի կարող դուրս գալ։ Սա մեծ խարան է Ադրբեջանի համար։

– Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարելի է Թուրքիային դուրս մղել այս պատերազմից։

– Միայն ուժով․․․

– Այսինքն՝ դիվանագիտական աշխատանքն իմաստ չունի։

– Ունի, բայց փորձը ցույց է տվել, որ միայն դիվանագիտական աշխատանքով Թուրքիան կոնֆլիկտներից դուրս չի մղվում։ Դիվանագիտական աշխատանքը ստեղծել է այն աուրան, որի արդյունքում Ադրբեջանն այսօր դարձել է ոչ անվտանգ երկիր ահաբեկիչների պատճառով։ Մենք այդ առումով լուրջ աշխատանք ենք տարել։ Բայց այն, որ մարտի դաշտում հիմա պատերազմ է, և Թուրքիան այդտեղ դեր ունի, նրան միայն ռազմի դաշտում է հնարավոր չեզոքացնել։

– Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է պատերազմը կանգնեցվի ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո։

– Ես հույս ունեմ, որ բանը դրան չի հասնի։ ԱՄՆ նախագահի ընտրությունները նոյեմբերին են։ Ես չեմ ուզում պատկերացնել, որ մինչև նոյեմբեր մենք լինելու ենք պատերազմի մեջ։ Մեզ պետք է արագ հրադադարի ռեժիմ։

– Ձեր կարծիքով՝ պետք է գնալ հրադադարի ռեժիմի՞, թե՞ այնպիսի լուծման, որ Ադրբեջանի մտքով այլևս չանցնի սկսել պատերազմը։

– Այս պահին քանի որ հրադադարի պայմանավորվածություն ունենք, ճիշտ կլինի, որ պայմանավորվածությունը պահպանվի։ Ինչ վերաբերում է ընդհանրապես խնդրի լուծմանը, ես առաջին օրն եմ ասել, որ այս խնդիրը պետք է լուծել մեր բոլոր սերունդների համար, եկող սերունդը չպետք է արնաքամ լինի այս խնդրի չլուծված լինելու պատճառով։ Այս խնդիրը պետք է վերջնական լուծել։

Զրուցեց Մհեր Արշակյանը

 

Աղբյուրը՝ 365news.am

Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ