Առանց կրակելու, դիվանագիտությամբ պետք է ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ պետական սահմանից․ Էդմոն Մարուքյան

23/05/2021
Առանց կրակելու, դիվանագիտությամբ պետք է ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ պետական սահմանից․ Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը մայիսի 23-ին կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ իր ելությում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն ընդգծեց, որ իրենց կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։

«Ինչ վերաբերվում է սահմանային խնդիրներին, ապա, այո, դրանք կարող են քննարկվել ապագայում, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության, սպառնալիքի, զենքի, ուժի ներքո»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ ամբողջ աշխարհով մեկ իրենք աղաղակում են, աշխատում են, զբաղվում են, տեղեկացնում են, իրազեկում են գործընկերներին,  համախմբում են այս գործընթացսում՝ պնդելով,  որ ինքնաձիգով չի կարող քննարկվել կողմերի դիրքը սահմանին։

«Բնականաբար, միջազգային հանրության և դիվանագիտության կարևոր աշխատանքը ինչումն է՝ պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։ Կրակելը միշտ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է։ Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ կենաց և մահու կռիվ է տրվել, բայց հիմա պետք է այնպես անենք, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ միջազգային ճնշմամբ թշնամուն դուրս հանենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանից»,- եզրափակեց Մարուքյանը։

Աղբյուրը՝ Armenpress.am

Բաժին: featured, Մամուլ