Այս ամենի արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարող է զրկվել ՀՀ վարչական դատարանում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու հնարավորությունից։

03/02/2022

ՀՀ վարչական դատարանի 20 դատավորներ այսօր հայտարարություն են տարածել՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ, ինչի մասին ցանկանում ենք հայտնել հետևյալը:
2021թ. դեկտեմբերի 15-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ՀՀ վարչական դատարան է ներկայացվել հայց ընդդեմ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 05-ին կայացած Վանաձոր համայնքի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին դեկտեմբերի 12-ի թիվ 37-Ա և 38-Ա որոշումներն անվավեր ճանաչելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ընտրված ճանաչելու պահանջների մասին։
Հաջորդ օրը հայցադիմումն ընդունվել էր վարույթ՝ 5 դատավորի կազմով, և իրականացվել գործի քննություն։
Դեկտեմբերի 21-ին Դատարանը 5-ի փոխարեն՝ 4 դատավորի կազմով կայացրել է հայցադիմումը մերժելու մասին վճիռ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու վարչական դատավարության օրենսդրությունը:
Դեկտեմբերի 23-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ գործով կայացված վճռի դեմ, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2022թ. հունվարի 07-ի որոշմամբ վարույթ չի ընդունվել:
Վերաքննիչ դատարանի նշյալ որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով, և այժմ գործը գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում։
Վարչական դատարանի դատավոր Դ. Դանիելյանի նկատմամբ վերը նշված խախտման հետ կապված հարուցվել է կարգապահական վարույթ, որի նյութերը գաղտնի են, հետևաբար՝ մանրամասները մեր կողմից ենթակա չեն հրապարակման։
Այսօր մամուլից տեղեկացանք, որ ՀՀ վարչական դատարանի 24 դատավորներից 20-ն ստորագրել են հայտարարություն՝ ի պաշտպանություն իրենց գործընկերոջ՝ դատավոր Դ. Դանիելյանի (չստորագրող դատավորների թվում է նաև անձամբ պարոն Դանիելյանը)։
Չքննարկելով տվյալ հայտարարության բովանդակային մասը՝ հարց է առաջանում, թե արդյո՞ք հայտարարությունն ստորագրող դատավորները մտածել են այն մասին, թե այն զարգացման դեպքում, եթե ակտը բեկանվի վերադաս դատարանի կողմից, և գործն ուղարկվի նույն ընթացակարգով (5 դատավորի կազմով) վարչական դատավարում նոր քննության, ապա 5 դատավորի կազմ, ովքեր չեն ստորագրել այդ հայտարարությունը, վարչական դատարանում չի մնում։
Իսկ եթե նրանք կանխատեսել են այդ հնարավորությունը, ապա ինչպե՞ս են հայտարարությունն ստորագրող դատավորները համարվելու անաչառ և իրավասու քննելու խնդրո առարկա վարչական գործը։
Հարգարժա՛ն դատավորներ,
Այս ամենի արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարող է զրկվել ՀՀ վարչական դատարանում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության արդյունավետ միջոց ունենալու հնարավորությունից։

Բաժին: featured