Պետության կամ ժողովրդի սեփականությունը հանդիսացող հանրային մուլտիպլեքսն օգտագործվում է՝ ժողովրդին պառակտող ու իրար դեմ հանող քարոզչություն է իրականացվում։

11/04/2022

Արցախից ինչ վերադարձել եմ, մի միտք է տանջում, և չեմ կարող լռել ու չխոսել այս խնդրի մասին:
Մոտ հարյուր արցախցու հետ շփվել եմ և իրենց հուզող հարցերին պատասխանել: Շփման արդյունքում` հասկացա, որ մի շարք պետականաքանդ ձևակերպումներ շատ ամուր շրջանառվում են Արցախում. «Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից», «Արցախը որոշել եք հանձնել Ադրբեջանին», « Հայաստանում չեն ուզում, որ մենք միանանք, մի hայրենիք լինենք» և այլն: Երբ սկսեցի հերթով այս թեզերը հերքել կոնկրետ արված գործերի օրինակներով, մարդիկ զարմանում էին: Ասում եմ՝ միայն այս տարի շուրջ 144 միլիարդի աջակցություն ենք տրամադրելու, անցյալ տարի ավելի շատ ենք տրամադրել՝ այստեղ չհաշված այլ տեսակի աջակցությունները: Այդ ինչպե՞ս է Հայաստանը ձեռքերը լվացել, այս ի՞նչ եք խոսում կամ մտածում…
Հետո սկսեցի հարցուփորձ անել, թե որտեղից են այդ լուրերը տարածվում և արմատավորվում: Բոլորը միաձայն պնդում էին, որ հեռուսատեսությամբ են ասել։ Հարց՝ ո՞ր ալիքը, ո՞ր ԶԼՄ-ն. խոսակցության ընթացքում շատերը պնդեցին, որ 5-րդ ալիք են դիտում, նաև կայքերի լուրեր կարդում:
Հիմա ուզում եմ հասկանալ՝ եթե հանրային մուլտիպլեքս զբաղեցնող ԶԼՄ-ն կամ Հայաստանում գրանցված որևէ կայք Արցախցուն համոզում է, որ Հայաստանը լքել է իրենց, ձեռքերը լվացել, դավաճանել և ոչնչով չի ուզում աջակից լինել, Արցախում այդպիսի նարատիվների արմատավորումն ու՞մ է ձեռնտու:
Մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև պառակտիչ թեզեր տարածելն ու՞մ է ձեռնտու: Մտածում էի ասեմ դադարեցրեք, մի արեք նման բաներ և այլն: Հետո հասկացա, որ իզուր է, ոչինչ էլ չի դադարեցվելու, քանի դեռ մենք չենք գիտակցել, թե մեզ հետ ինչպես են վարվում մեր թշնամիներն ու ինչ մեթոդներ կիրառում մեր ժողովրդի դեմ:

Բաժին: featured