«Այն, որ թանկացումն անխուսափելի է Տարոն Մարգարյանի հայտարարության մեջ կարմիր թելով նշված է»

26/07/2013

Շուրջ 6 օր Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաներն ինչ որ իմաստով երեկ ավարտվեցին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես եկավ ուղերձով՝ նշելով, որ ժամանակավորապես կասեցվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշումը: Քաղաքացիական հասարակությունը երեկ Ազատության հրապարակում տոնեց իր հաղթանակը: «Առաջին լրատվական»-ն իրավապաշտպան, Աժ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այն կարելի է անվանել «հաղթանակ»։

Նա նշեց, որ առայժմ վերջնական որոշում չկա, հետևաբար ասել, թե ամեն ինչ ավարտված է և հաղթանակը գրանցված՝ ճիշտ չէ. «Կասեցված է թանկացման վերաբերյալ որոշումը, գործընթացը դեռ իրականանում է, այսինքն այն շարունակական ընթացք է ունենալու, հետևաբար այս պահին ասել, որ ամեն ինչ ավարտվեց տրանսպորտի թանակցումների հետ կապված՝ դեռ վաղ է:

Իսկ այն, որ կասեցվեց բողոքի ալիքների արդյունքում, դա, բնականաբար, մեծ քայլ է քաղաքացիական հասարակության կայացման և Երևան քաղաքի տեղական իշխանությունների հասարակության հետ հաշվի նստելու առումով:

Չգիտեմ գործընթացներն ինչպես կընթանան, բայց ես քաղաքապետի հայտարարությունից հասկացա, որ դեռևս պետք է աշխատանքային խումբ ձևավորվի, որը կմշակի, թե հետագայում ինչքան կլինի թանկացումը։ Այն որ թանկացումն անխուսափելի է ՝այդ հայտարարության մեջ կարմիր թելով երևում է, հետևաբար դեռևս վաղ է ասել, որ հաղթանակ կա»:

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ բողոքի ալիքի արդյունքում է, որ իշխանությունները հետ կանգնեցին և որոշեցին վերանայել իրենց որոշումը, իսկ այդ վերանայումը, ըստ նրա, առանց բողոքի ակցիաների չէր լինի. «Եթե որևէ մեկը դուրս չգար փողոց և բողոքի ակցիա չանցկացներ, եթե մարդիկ չինքնակազմակերպվեին, եթե հայտնի մարդիկ չմիանային, ես չեմ կարծում, որ որևէ կերպ կկասեցվեր որոշման կիրառումը, հետևաբար ես կարծում եմ, որ միանշանակ բողոքի ակցիաները իրենց արդյունքը տվել են»:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ վիճակում է Վանաձորի տրանսպորտը, կա՞ն արդյոք թանկանալու միտումներ այնտեղ, ինչին ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Կան խոսակցություններ, որ այստեղ էլ հայտեր պետք է ներկայացվեն կամ արդեն իսկ ներկայացվել են, բայց պաշտոնապես որևէ բան չկա: Մի բան ակնհայտ է, մյուս բոլոր քաղաքները սպասում էին Երևանի տրանսպորտի թանկացմանը։ Եթե Երևանի թանկացումները պահպանվեին, այստեղ նույնպես գործընթացներ կսկսվեին, բայց քանի որ Երևանում որոշումը կասեցված է, ապա կարծում եմ, որ այստեղ ևս պետք է սպասեն այդ որոշակի համակարգի ձևավորմանը»:

Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ եթե Հայաստանում սոցիալական որոշ խմբերի համար պետք է արտոնություններ կիրառվեն, ապա նույնը պետք է լինի նաև Վանաձորում. «Եթե լինելու է նմանատիպ որոշում, ապա նույնը պետք է սահմանվի Հայաստանի ամբողջ տարածքում»:

Աղբյուրը՝ http://www.1in.am/

Բաժին: Հարցազրույցներ