Լաչինի միջանցքի խնդիրը պետք է հանգուցալուծվի դիվանագիտական ճանապարհով

19/12/2022

Արցախում ստեղծված իրադրության շուրջ Radar Armenia-ն զրուցել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի հետ։

-Հայաստանն ինչ դիվանագիտական ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։

-Դեկտեմբերի 12-ից սկսած, երբ Լաչինի միջանցքը մի խումբ կեղծ բնապահպաններ փակեցին բնապահպանական մոնիտորինգի պատրվակով, ամբողջ դիվանագիտական համակարգը, նաև՝ ԱԺ արտաքին հարաբերություններով զբաղվող մարմիններն ամբողջ աշխարհով մեկ լուրջ աշխատանք են տարել, որի արդյունքում կան բազմաթիվ թիրախային, զուտ Ադրբեջանին ուղղված հայտարարություններ առ այն, որ Լաչինի միջանցքը միջանցք է։ Եվ մյուսը՝ միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, և որևէ մեկը  բնապահպանների այդ կեղծ թեման չի վերցրել։ Խոսքը միջազգային հանրության տարբեր ներկայացուցիչների, ինստիտուտների հայտարարությունների մասին է, որոնք եղել են այդ աշխատանքի արդյունքում։

-Արդեն 8 օր է՝ փակ է Լաչինի միջանցքը։ Միջազգային հանրության և մի շարք երկրների կողմից հասցեական գնահատականներ հնչեցին, բայց հարցն, ըստ էության, դեռ լուծված չէ։ Եթե միջազգային հանրության գնահատականը չի զսպում Ադրբեջանին, ի՞նչը կարող է զսպել։

-Պարզ է, որ դա բավարար չէ, որ միջանցքը բացված լինի, բայց հաշվի առնենք, որ գազի անջատումը վերականգնվել է։ Եվ պետք է գնալ դիվանագիտական աշխատանքի շարունակման ճանապարհով, որպեսզի Լաչինի միջանցքի հումանիտար ճգնաժամի խնդիրը հանգուցալուծվի։ Բայց, ինչպես քանիցս նշել եմ, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորված չէ, Լաչինի միջանցքը և մնացած բոլոր հարցերը անդադար առաջանալու են։ Այնպես որ, դրանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի՝ կարգավորված չլինելու հետևանք են։ Մեզ պետք է գտնել այնպիսի լուծումներ, որոնք երկարատև խաղաղություն կբերեն, նման կերպ չեն ահաբեկվի մարդկային կյանքերը, և մենք չենք կանգնի նման խնդիրների առջև։ Այս ուղղությամբ է պետք աշխատել, ոչ թե՝ միայն հետևանքների վերացման։ Բացի դիվանգիտական լծակները՝ ակնհայտ է, թե ինչը կարող է զսպել Ադրբեջանին։ Խոսքը ռազմաքաղաքական բալանսի վերականգնման մասին է, որը խախտված է դեռևս տասնյակ տարիներ առաջ։ Դրա մասին մենք խոսել ենք դեռևս 2016 թվականին՝ «Ելք» դաշինքի ծրագրում ամրագրելով այդ դրույթները։ Բայց այս փուլում մեր լծակը դիվանագիտական խողովակներն են։

-Ռուսական կողմը հայտարարել էր, որ բանակցային գործընթացի ընթացքում ռուս խաղաղապահների հրամանատարությունը սպասում է  իրավիճակի կարգավորման հետ կապված առաջարկներին հայկական և ադրբեջանական կողմերի պատասխաններին։ Հայկական կողմից արդեն կա՞ն առաջարկներ, և ինչի՞ մասին է խոսքը։

– Ռուսական կողմի՝ բանակցությունների վերաբերյալ  հայտարարությունների մասով պետք է նշեմ, որ մենք դեռ արդյունք չունենք։ Որևէ բան չեմ կարող ասել։ Պետք է սպասել։ Հույս ունեմ, որ այդ բանակցությունները արդյունք կտան, և Լաչինի միջանցքը կբացվի։ Կրկնում եմ՝ Լաչինի միջանցքի զուտ բացումը խնդիրների լուծումը չէ։ Որովհետև միայն խնդիրները լուծելու արդյունքում նման հետևանքներ չենք ունենա։

Բաժին: featured