ՄԻՊ-ն այն պաշտոնյան է, ով բոլոր պաշտոնատարներից տարբերվում է և կարող է ասել բաներ, որոնք նրանք չեն ասում. Է. Մարուքյան

17/12/2013

Մարդու իրավունքների պաշտպանի` դատարաններում արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցը, որում ներկայացվել են եռաստիճան դատական համակարգում գործող կաշառքի սակագները,որպես սիրողական գնահատել ճիշտ չէ:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց մասնագիտությամբ իրավաբան, ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

 

«Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում այն պաշտոնյան է, ով մյուս բոլոր պաշտոնատար անձանցից տարբերվում է նրանով, որ ինքը կարող է ասել բաներ, որոնց դեպքում ինքը պարտավոր չէ որևէ փաստ ներկայացնել»,-ասաց նա:

 

 

Հիշեցնենք, որ Հայաստանի դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի գնահատմամբ՝ զեկույցը սիրողական է, միտված էժանագին սենսացիաներ և PR ապահովելուն, և այլն:

 

 

Ըստ Էդմոն Մարուքյանի` ՄԻՊ-ը ընդամենը ներկայացրել է դատարանների վերաբերյալ հասարակական ընկալումները:

 

 

«Էն խնդիրները, որ կան, հիմա էդ խնդիրների լուծման համար պաշտպանի սահմանը մինչև այդտեղ է: Մարդը ասում է` կա զոնալ դատավորների ինստիտուտ, դատավորներին ուղղորդում են` ճնշում են, ասում են` այսպես է պետք վճիռ կայացնել: Հիմա թող քննարկեն, էդ խնդիրը լուծեն, ոչ թե պաշտպանին ասեն` կարո՞ղ մի հատ զոնալ դատավորի անուն տալ»,-նշեց իրավաբանը:

 

Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով տարբեր պետական ատյաններից փաստեր ներկայացնելու առաջարկներին, ասաց. «Ո՞նց եք պատկերացնում, մարդուն ասում ես` ներկայացրու՝ ի՞նչ արատավոր երևույթներ կան, ես երաշխավորում եմ քո անվտանգությունը, հետո այդ մարդու անունն ու տվյալները հրապարկվում են: Հետագայում որևէ մեկը Պաշտպանի հետ կաշխատի՞, թե ոչ»,-հարցրեց Մարուքյանը:

 

Ըստ նրա`զեկույցի հանդեպ արձագանքը սպասելի էր, այդքան սուր քննադատությանը դատական իշխանությունը չէր համակերպվելու:

 

 

Ի պատասխան հարցի, թե ինչու՞ հիմա Պաշտպանն անդրադարձավ այդ խնդրին, նո՞ր էր իմացել, պատգամավորը ասաց. «Բայց վա՞տ է, որ հիմա է հրապարակել»:

 

Վերջինս նաև ավելացրեց, որ նախկին պաշտպանն էլ մեկ այլ զեկույց է հրապարակել, որտեղ ներկայացվել են Եվրոպական դատարանի նախադեպերը և դրան չհամընկնող ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները:

 

Աղբյուր՝ tert.am

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ