ՀՀ ԱԺ պատգամավորը Ստրասբուրգում իր մեսիջը տեղ է հասցրել
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որն այսօր է վերադարձել Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության համաժողովից, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այնտեղ ներկայացրել է մարդու իրավունքների ոլորտում համագործակցության հնարավորությունները: Մանրամասնելով նիստի արդյունքները՝ Էդմոն Մարուքյանը նշեց. «Հիմնական մեսիջը, որ ցանկանում էի տալ մեր եվրոպացի գործընկերներն, դա այն էր, որ Հայաստանը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների առումով, բնականաբար սա համեմատության կարգով եմ ասում, որովհետեւ մենք դեռ շատ խնդիրներ ունենք ու այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է տանենք, բայց այն, որ այսօրվա դրությամբ Հայաստանը Մաքսային Միության անդամ պետությունների հետ համեմատությամբ ժողովրդավարության կղզյակ է` դա միանշանակ: Եվ իմ հիմնական մեսիջը նաեւ այն էր, որ այսօրվա եղած առաջընթացին հասել ենք նաեւ մեր Եվրոպացի գործընկերների աջակցությամբ, թե՛ փորձագիտական, թե՛ ֆինանսական եւ թե ինստիտուցիոնալ աջակցության արդյունքում, որը վերջին չորս տարիներին շատ հետեւողական բնույթ է կրել: Բնական է, որ Հայաստանի Հանրապետության Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո ԵՄ-ի մեր գործընկերները վերանայում են իրենց մոտեցումները Հայաստանի նկատմամբ, եւ իմ մեսիջը նաեւ այն էր, որ այն ձեռքբերումները, որն այսօր ունենք, պետք է միասին փայփայենք, որպեսզի Հայաստանը հետ չգնա եւ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներ այսօր էլ կարիք ունեն այդ աջակցության եւ ակնկալում են, որ ԵՄ-ն իրենց առջեւ դուռ չի փակի: Եվ հիմնական դրանից բխող մյուս առաջարկն էլ այն էր, որ Հայաստանը վաղ թե ուշ լինելու է ԵՄ-ի խորը ինտեգրացիոն գործընթացների մեջ, հետեւաբար այդ օրը գալու ժամանակ երկար տարիների աշխատանք, ջանքեր չեն պահանջվի, եթե եղած առաջընթացը կարողանանք պահպանել»: Հարցին` Հայաստանում մարդու իրավունքների ոլորտը բարելավելու հետ կապված ի՞նչ առաջարկներ եղան, Էդմոն Մարուքյանն պատասխանեց. «Ոլորտը բարելավելու հետ կապված գոյություն ունի ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ԵՀՔ առաջընթացի զեկույց, ես հղում եմ արել նրան, թե ինչ ուղղություններով քայլեր պետք է կատարվեն եւ իմ առաջարկությունն այս մասով այն է, որ Քաղաքացիական Հասարակության Հայաստանի Պլատֆորմի և Կառավարության ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողով ստեղծվի, որը մոնիթորիգնի կենթարկի Հայաստան-ԵՄ վերանայվելիք համագործակցությունը, որը հույս ունենք, որ կլինի գոնե քաղաքական և քաղաքացիական բարեփոխումների շարունակության մասով»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ http://www.aravot.am/
Բաժին: featured, Հարցազրույցներ, Մամուլ, Պաշտոնական