«ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ»

12/02/2014

Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցությունն առանց միասնական հայտարարության ավարտվելով` հայաստանյան պատվիրակության կազմում մեղադրանքների ալիք է բարձրացել: Մասնավորապես, պատվիրակության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մոգոնել է, թե իբրեւ պատվիրակության իշխանական թեւը ներկայացնող անդամների, հատկապես ՀՀ պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի սուբյեկտիվ որոշման հետեւանքով է, որ հայտարարությունը չի ստորագրվել եւ ոչ թե եվրոպացիների պատճառով: Մինչդեռ Ս.Ֆարմանյանը պնդում է, որ պատվիրակությունը չէր կարող ստորագրել մի հայտարարության տակ, որտեղ Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածում ոչ հայանպաստ ձեւակերպումներ են արված:
Թե ինչո՞ւ հարցը տեղափոխվեց ընդդիմություն-իշխանություն հակասության դաշտ, եւ իրական պատկերն ինչպիսին է եղել, «Իրավունքը» փորձեց պարզել ԱԺ անկախ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՑ, ով հարցի վերաբերյալ երկարատեւ ասուլիսից հետո նշեց.
 
– Բոլոր հարցերին պատասխաններ տրվեցին, չեմ ցանկանում հավելյալ մեկնաբանել եւ մտնել այդ բանավեճի մեջ: Ըստ էության, դրանք սպառված են ինձ համար: Արձանագրվածն այն է, որ չունենք միասնական հայտարարություն: Ինչ վերաբերում է պատվիրակությանը, բոլոր անդամներն էլ հայրենասեր ՀՀ քաղաքացիներ են, եւ բոլորի մտահոգությունները, առաջարկները, հիասթափությունները կապված են իրենց հայրենասիրության ընկալումների հետ: Եվ ինչպես նշվեց ասուլիսի ժամանակ, խնդիրը հետեւյալն է` թե ով ինչպես է տեսնում հարցի լուծումը: Բայց մեր հայրենասիրության վրա որեւէ մեկը չի կարող կասկածել: Խումբն իր ջանքերը գործադրել  է, բայց պայմաններն ու իրավիճակը թույլ չեն տվել, որ ընդունվի:
– Պարոն Մարուքյան, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության շրջանակում եվրոպացի գործընկերների, մեղմ ասած, ոչ բարյացկամ վերաբերմունքը հայկական պատվիրակության նկատմամբ, դրանից առաջ Եվրադատարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայի դատարանում դատապարտված «Թալեաթ փաշա՚» կազմակերպության հիմնադիր Դողու Փերինչեքին  արդարացնելը, արդյո՞ք հայերի դեմ ուղղված կոնկրետ միտում չեք համարում: 
– Ես` որպես իրավաբան, Եվրադատարանը որեւէ կերպ չեմ դիտարկում մյուս եվրոպական կառույցների շարքում, որովհետեւ այն քաղաքական մարմին չէ: Եվրոպական դատարանը դատական ատյան է եւ իր գործառույթների շրջանակում կայացրել է որոշում: Հիմա մենք պետք է լավ աշխատենք, որ Շվեյցարիան այդ որոշումը բողոքարկի մեծ պալատում: Ու Եվրոպական դատարանի որոշումը որեւէ կերպ չի կարելի մեկնաբանել այդ լույսի ներքո, այն Եվրախորհրդարան չէ, ոչ էլ` Եվրահանձնաժողով, այլ մարդու իրավունքների դատարան է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Աղբյուր՝ http://iravunk.com/

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ