Առաջարկվում է կրկնակի նվազեցնել որոշ խախտումների համար վարորդներին սպառնացող տուգանքի չափը

20/03/2014
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ՝ «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը»,  հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող, ինչպես նաև լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 10 հազար դրամի չափով:
ԱԺ մի խումբ հանրապետական պատգամավորներ, որոնց թվում են, մասնավորապես, խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հնաձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, նույն հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը, և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գտնում են, որ այս դիսպոզիցիայում առկա են տարբեր վտանգավորության խախտումներ, որոնց համար նախատեսված է նույն պատասխանատվությունը:
Ըստ նրանց՝  մինչդեռ 124-րդ հոդվածի 1-ին մասով տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ գծանշումների պահանջները չկատարելու համար սահմանված է տուգանք` 5 հազար դրամի չափով:
Մարտի 19-ին խորհրդարանում շրջանառության մեջ դրված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է 124-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայով ամրագրված խախտումները տարանջատել տարբեր մասերում և սահմանել տուգանքի տարբերակված չափեր:
Ըստ այդմ՝ առաջարկվում է կրկնակի նվազեցնել լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի, ինչպես նաև առանց կանգառ կատարելու երթևեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքերում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշման կամ նշանի պահանջները  չկատարելու համար ներկայումս գործող 10 հազար դրամի տուգանքի չափը:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հարկադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելու և
լուսացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի առկայության դեպքում, հետիոտնային անցման վրա կանգնելու համար առաջարկվում տուգանքի չափը թողնել անփոփոխ՝ 10 հազար դրամ:
Ինչպես և այժմ, բացառություն է օրենսգրքի 124.3-րդ հոդվածով նախատեսված՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, ինչի համար տուգանքը սահմանված է 20 հազար դրամ:
Հեղինակների հիմնավորմամբ, այս փոփոխություններով ապահովվում է նվազ վտանգավորություն ունեցող խախտման համար համարժեք պատասխանատվության կիրառումը, ինչպես նաև հասարակության լայն շրջանակի շահերի պաշտպանությունը:
Աղբյուր՝ «Փաստինֆո»

 

Բաժին: Մամուլ