Քաղաքացիների անտարբերության արդյունքում ՏԻՄ-երն ինքնաբավ են գործում (տեսանյութ)

22/04/2014

edmon 1

«Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» խմբի 30 անդամները վաղօրոք ուսումնասիրել են Վանաձորի հիմնախնդիրները, նրանցից առանձնացրել այն 3 ոլորտները, որտեղ ավելի շատ են քաղաքացիները հանդիպում խոչընդոտների, կամ ոտնահարվում են նրանց իրավունքները:  Տրանսպորտի, աղբահանության եւ համատիրությունների հետ կապված իրենց մտահոգող հարցերը հանդիպման ժամանակ նրանք ուղղեցին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Պատգամավորը նախ ներկայացրեց իր երկամյա աշխատանքից հատվածներ, որոնք առնչվում էին ՏԻՄ գործունեության հետ. «Իմ ստացած նամակներից 95 տոկոսը որեւէ կապ չունի իմ պատգամավորական լիազորությունների հետ, դրանք, հիմնականում, կապված են ՏԻՄ գործունեության հետ, որոնք որ ես փորձում եմ վերահասցեագրել. խնդիրը ուսումնասիրվում, իրավական բոլոր հիմնավորումները  ներկայացվում եւ վերահասցեագրվում  են այն պաշտոնատար անձին, ով այդ խնդրի հասցեատրերն է»:

Համատիրությունների հետ կապված բազում  խնդիրներ կան, որոնց մասին քաղաքացիները տեղյակ չեն, ավելին՝ անտարբեր ու պասիվ վերաբերմունք կա: Պատգամավորը կարծում է, որ  միանգամից մեղադրել համատիրության ղեկավարին՝ ճիշտ չէ: Նա համոզված է, որ յուրաքանչյուր քաղաքացի նախ պետք է լավ իմանա համատիրությունների մասին օրենքը՝ հետաքրքրվի, թե որ համատիրության մեջ է ընդգրկված, գնա, տեսնի` ինչով են զբաղված այնտեղ, համոզվի՝ պայմանագրով գրված կետերը որքանով են կատարվում. այնինչ շատ քաղաքացիներ չգիտեն էլ՝ իրենք պայմանագիր ունեն, թե ոչ. «Երբ քաղաքացին հետաքրքրվի իր վճարած գումարի համար, պահանջատեր դառնա, համատիրությունները կսկսեն ավելի բարեխիղճ աշխատել: Մյուս կողմից էլ չեն վճարում, որովհետեւ վստահության պակաս կա: Այսօր համատիրությունների պատկերացրած միակ գործիքը գումար գանձելու համար տեղեկանքներն են, բայց կարելի է ավելի պոզիտիվ աշխատել եւ հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես են ծախսել հավաքած գումարները»:

Ակտիվիստները նկատեցին, թե համատիրություններում էլ ստվեր կա, դրա համար էլ հաշվետվություններով չեն աշխատում: Է. Մարուքյանը պատասխանեց. «Ոչ մեկը չի հարցրել՝ ինչ եք թաքցնում, նա չի պատասխանել, կամ, հնարավոր է՝ նա չի էլ թաքցրել, ուղղակի, էդպես ստացվել է, եթե պահանջող չկա՝ պատասխան էլ չկա»:

Տրանսպորտի եւ աղբահանման հարցերի շուրջ խոսելիս՝ պատգամավորը խորհուրդ տվեց ուսումնասիրել պայմանագրերը եւ պահանջել, որ օրենքով ամրագրված յուրաքանչյուր կետ կատարվի: Ոչ մի քաղաքացի այսօր չգիտի` ումից է պահանջելու, երբ իր տրանսպորտը ժամանակին տեղ չի հասնում, կամ վատ տրանսպորտային միջոց է իրեն սպասարկում. «Քաղաքացիները չեն ուզում վատամարդ լինել, կամ վատամարդ սարքել իր ընտրած ավագանուն: ՏԻՄ-ին իրենց լիազորությունների շրջանակում անգամ քաղաքացիները որեւէ խնդիր չեն ներկայացնում, որովհետեւ ընտրություններն էլ այլ մոտեցումով են անցկացնում: ՏԻՄ-ում ընտրում են ծանոթ-բարեկամներին, հետագայում հանրապետական մարմնից էլ պահանջում ու ակնկալում են իր բարեկամի պարտականությունները»:

Մարուքյանը նկատում է, միայն սոցիալական խնդիրները չեն արտագաղթի պատճառ դառնում. «Մենք ունենք ՏԻՄ-եր,  որոնք բավականին անկախ եւ ինքնաբավ գործում են. երբ մարդը որոշում է արտագաղթել, նա սկզբից արտագաղթում է իր բակից կամ գյուղից, հետո արտագաղթում է իր քաղաքից, մարզից, հետո նոր երկրից, հետեւաբար պատասխանատվությունը պետք է բաշխել ներքեւից վերեւ՝ համատիրությունից մինչեւ ավագանու անդամ, քաղաքապետ, պատգամավոր, մարզպետ, նոր միայն կառավարության անդամներ: Պետք է ունենալ որոշակի տեղական պայմաններ՝ բարեկարգ բակ ու փողոց, որ մարդիկ տրամադրվեն այդտեղ ապրելու»:

Նելլի Դավթյան

 

Աղբյուր՝ Asparez.am

Բաժին: Հետընտրական հանդիպումներ, Մամուլ, Տեսանյութեր