ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՎՊՀ-ՈՒՄ
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը մայիսի 23-ին հանդիպում ունեցավ Վանաձորի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, աշխատակիցների և ուսանողների հետ:
ՎՊՀ աշխատակազմի ղեկավար Վանո Եղիազարյանը ողջունեց պատգամավորին և բոլոր ներկաներին՝ ակնկալելով հետաքրքիր զրույց:
Է. Մարուքյանը նախ շնորհավորեց բուհին համալսարան դառնալու կապակցությամբ և մաղթեց գիտակրթական նորանոր հաջողություններ:
Այնուհետ նա հակիրճ ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ և 4-րդ նստաշրջաններում իր գործունեությունը: Նաև հիշեցրեց, որ Վանաձորում գործում է իր պատգամավորական գրասենյակը, որտեղ քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման հետ մեկտեղ ընդունվում են նաև դիմումներ և առաջարկություններ ամենատարբեր հարցերի շուրջ: Դրանց մի մասին պատգամավորը պատասխանում է գրավոր, իսկ անհրաժեշտության դեպքում հարցը լսեցի դարձնում նաև Ազգային ժողովում: Բացի այդ՝ պատգամավորը հաճախ է կազմակերպում հետընտրական հանդիպումները քաղաքացիների հետ: «Այս ճանապարհով փորձում եմ մշտապես իրազեկված լինել քաղաքացիներին հուզող խնդիրների, հարցերի վերաբերյալ և փնտրել դրանց լուծման հնարավոր տարբերակները»,- ասաց Է. Մարուքյանը:
Այնուհետ պատգամավորը խոսեց ՀՀ ԱԺ-ում այս տարիներին իր կողմից բարձրացված և քննարկման առարկա դարձած և արդեն իսկ դրական լուծումներ գտած հարցերի մասին:
Հանդիպման ներկաները հնարավորություն ունեցան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը և դրանց շուրջ լսել ԱԺ պատգամավորի տեսակետը:
Ակտիվ և անկաշկանդ քննարկումից հետո Է. Մարուքյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նման հանդիպումներ հաճախակի են կազմակերպվելու: Նա միշտ պատրաստ է լսել վանաձորցիներին հուզող խնդիրները և հնարավորինս հարթել դրանց լուծման ճանապարհը:
Նարինե Ներսեսյան
Աղբյուր՝ vspi.am
Բաժին: Հետընտրական հանդիպումներ, Մամուլ