Էդմոն Մարուքյան. Երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին շատ լավ եմ վերաբերվում, բայց մտավախություններ ունեմ

26/05/2014
Ազգային ժողովի անկախ պատգամավոր, ՀՀ փաստաբանների պալատի նախկին անդամ Էդմոն Մարուքյանը շատ լավ է վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարին: Այս պահին, սակայն, նա մտավախություններ ունի և կարծում է, որ կարելի է քննարկել Հայաստանում դրա հնարավոր ներդրման հարցը, որպես տարբերակ թողնել սեղանին, չբացառել, բայց միևնույն ժամանակ  հասկանալ, թե ներդնելու դեպքում ինչպես դա կազմակերպել:
«Ինչպես կազմակերպել, որ դա չդառնա նոր խնդիր՝ առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներով ծանրաբեռնված մեր դատական իշխանության համար»,- ասաց պատգամավորը՝ ի պատասխան «Փաստինֆո»-ի թղթակցի հարցի, թե ինչպես է գնահատում հանրության դատին հանձնված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում բարձրացված՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հնարավորությունը քննարկելու առաջարկին:
Ըստ պատգամավորի՝ երդվյալ ատենակալների ինստիտուտը դա հասարակության մասնակցությունն է արդարադատության գործընթացին.  «Այո՛, քաղաքացիական գիտակցության, իրավագիտակցության բարձրացման, քաղաքացիական պատասխանատվության առումով շատ կարևոր ինստիտուտ է»:
Սակայն հաշվի առնելով  մեր հետխորհրդային փորձը, մեր ազգային ավանդույթները, բարեկամական, ընտանեկան շատ սերտ կապերը, Է.Մարուքյանը դժվարանում է այս հարցով միանշանակ դիրքորոշում արտահայտել: Նաև ելնելով այն հանգամանքից, որ հարևան Վրաստանում, որը մեր նման ավանդույթներով երկիր, ժողովուրդ է, այդ ինստիտուտը ներդրված է, պատգամավորը կարծում է, թե շատ կարևոր կլինի առաջին հերթին ուսումնասիրել վրացական փորձը, հասկանալ դրա դրական և բացասական կողմերը:
Աղբյուր՝ «Փաստինֆո»

Բաժին: Հարցազրույցներ, Մամուլ